Վեհափա՛ռ տեր, խնդրում ենք, միջամտե՛ք. Անահիտ Բախշյանը դիմում է Ամենայն հայոց կաթողիկոսին /տեսանյութ/
«Երրորդ հանրապետության ողբերգական օրերից մեկն է Մարտի մեկը: Ժողովուրդը ճնշված է. մեր երկրում օրենք չի գործում կամ շատ ընտրովի է գործում: Ընդվզելու առիթները շատ են: Ժողովուրդը ելք չի գտնում ու դուրս է գալիս բողոքի՝ տարբեր եղանակներով, ինչպես եղան Մարտի մեկը, հուլիսյան դեպքերը… Հաց բերողն ինքնազոհությամբ կարողացավ հաց տանել էդ մարդկանց: Բայց նա բանտարկվեց: Էս իշխանությունը ցեխոտում է, կեղտոտում է սուրբ հացի հետ կապված ամեն բան, ուստի ամեն անգամ առիթ են տալիս բողոքի ալիքների», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Անահիտ Բախշյանը:
Բանախոսը հիշեցրեց՝ այս պահին Ազատության հրապարակում մարդիկ կանգնած են՝ ի պաշտպանություն Հաց բերողի: Նրանք ցույց են տալիս, որ իրենք ևս պատրաստ են ինքնազոհության:
«Եթե Արթուրին մի բան պատահի, մի ղաչաղ էլ մենք ենք դառնալու», – ասաց Անահիտ Բախշյանը:
Դիմելով իշխանություններին՝ Անահիտ Բախշյանն իշխանություններին կոչ արեց վեր կանգնել վրեժից ու հանգիստ թողնել Հաց բերողին: Այնուհետև Անահիտ Բախշյանը դիմեց Ամենայն հայոց կաթողիկոսին:
«Վեհափա՛ռ տեր, խնդրում ենք, միջամտե՛ք, խրատե՛ք այս իշխանություններին, որ այս մարդատյաց քայլերը չանեն և հանգիստ թողնեն Արթուրին», – նշեց Անահիտ Բախշյանը: