Անուններ չեն տալիս, բայց… բացահայտումներ Հրաչ Մուրադյանի սպանության գործով
Ստեղծվել է ՛՛Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ՛՛ հասարակական շարժում՝ պարզելու համար, թե ովքեր են Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության իրական պատվիրատուները:Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Հիշեցնենք, Հրաչ Մուրադյանը սպանվեց ապրիլի երկուսին գյուղապետարանի դիմաց:
՛՛Մեր նպատակն է, որ բացահայտվեն ու օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն այս սպանության իրական պատվիրատուները: Մեզ պետք չէ, որ անմեղ մարդիկ ձերբակալվեն ու պատժվեն: Սա կուսակցական նախաձեռնություն չէ, մենք ուզում ենք, որ այս գործի շրջանակներում հասարակությունն ակտիվ մասնակցություն ունենա՛՛,-նշեց Վարդանյանը:
Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի՝ եղբոր՝ Արշակ Մուրադյանի ներկայացուցիչ Մելանյա Առուստամյանը ևս ներկա էր ասուլիսին: Նա հայտարարեց, որ Հրաչ Մուրադյանի սպանությունը նրա, նրա մերձավորների դեմ ուղղված դիտավորյալ սպանությունների վերջին օղակն էր:
՛՛2010 թվականին հրդեհել են նրա ֆերման, հրշեջներն ասել են, որ կատարվել է դիտավորությամբ, սակայն այդ նյութերը մնացել են անհետևանք: Ապա նույն թվականին խուլիգանության ու եղբոր տղային առևանգելու գործը եղավ, որը վերածվել է ծեծկռտուքի՛՛,-պատմեց Առուստամյանը` հավելելով, որ նաև Հրաչ Մուրադյանի ուղղությամբ են նախկինում կրակոցներ եղել, սակայն “ոստիկանությունը որոշել է, որ Հրաչ Մուրադյանն է ինքն իր նկատմամբ հանցագործություն է կատարել”:
Հարցին, թե ում են կասկածում հանցագործությունների մեջ, իրավահաջորդի ներկայացուցիչն ասաց, որ գործն այժմ քրեական փուլում է և չեն կարող անմեղության կանխավարկածը խախտել:
՛՛Մենք չենք հրավիրել աննուններ տալու՛՛,-շեշտեց Աղվան Վարդանյանը: Դիտարկմանը, թե շոշափվում էր Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանի անունը, Վարդանյանն արձագանքեց, որ նման տպավորություն ստեղծվեց այն ժամանակ, երբ սպանությունից հետո մարզպետը որոշ արտահայտություններ արեց նախկին գյուղապետի վերաբերյալ:
՛՛Բայց նման հստակ ուղղորդում ու մեղադրանք հարազատների կողմից չկա: Ուղղակի այդ արտահայտություններն էին ստեղծել նման մթնոլորտ՛՛,-եզրափակեց նա: