«Պահանջում ենք պատժել սրբապիղծ Արամ Աթեշյանին» նախաձեռնության անդամ Սարգիս Հացպանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե Սահակ եպիսկոպոս Մաշալյանը պատռեց Արամ Աթեշյանի դեմքը:
Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց Պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական է տվել և հրաժարական է տվել ոչ միայն Կրոնական ժողովի ատենապետի, այլև՝ պատրիարքարանին կից գործող «Հովակիմ 1461» հիմնարկի փոխատենապետի պաշտոնից, ինչպես նաև իր թեկնածությունն է հանել Պոլսո պատրիարքական hնարավոր ընտրությունից:
«Ակնհայտ է, որ քանի դեռ Արամ սրբազանը Պոլսո պատրիարքական փոխանորդի պաշտոնում է, պատրիարքական ընտրությունները չեն կարող կայանալ: Իր լիազորություններն օգտագործելով 8 տարի մանիպուլյացիա իրականացնելը, սեփական պաշտոնը չարաշահելը հանցավոր բնույթ ունեն, և համաձայն եկեղեցական օրենքների՝ նա արժանի է պատժի»,-համայնքային մամուլին ուղարկած իր նամակում նշել է Սահակ եպս. Մաշալյանը՝ ավելացնելով, որ պատմության մեջ երբեք պատրիարքի աթոռը 8 տարի թափուր չի մնացել:
Սարգիս Հացպանյանը, ուշադրություն հրավիրելով կատարվածի վրա, նշեց, որ իրենց կանխատեսումներն Արամ Աթեշյանի վերաբերյալ այսօր իրականություն են դառնում. Սահակ Մաշալյանի համբերության բաժակը լցվել է, և նա դիմել է ծայրահեղ քայլի՝ հրաժարական է տվել:
Նա նաև նկատեց, որ Արամ Աթեշյանը միտումնավոր է ընտրությունները հետաձգում՝ ընտրություններ անցկացնելու համար Պոլսի նահանգապետարան չի դիմում, որպեսզի երկարաձգի իր պաշտոնավարումը: Սարգիս Հացպանյանը նաև մատնանշեց, որ իրականում պատրիարքարանը չպետք է դիմի Թուրքիայի իշխանություններին ընտրություն անցկացնելու համար:
«Ամենը Աթեշյանն է հորինել, որպեսզի ավելի երկար մնա աթոռին»,- ասաց նա:
Հացպանյանը նաև հավելեց, որ Մայր աթոռը պիտի արձագանքի սրան, և ըստ նրա` հենց պաշտոնական Էջմիածինն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար: Նրա խոսքով՝ Հայոց եկեղեցին պետք է որոշի՝ ինչպես պատժել Արամ Աթեշյանին: