Սիրիայում ռուսական ինքնաթիռի սխալ հարվածից 3 թուրք զինվոր է սպանվել
Նախօրեին Սիրիայի ալ-Բաբ քաղաքի մոտակայքում ռուսական օդուժը հարվածել է թուրքական ջոկատի հենակետին, ինչի հետևանքով 3 թուրք զինվոր սպանվել է, 11-ը՝ վիրավորվել:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ փետրվարի 9-ին Ռուսաստանի Դաշնության ռազմական օդանավը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դիրքերը ռմբակոծելիս սխալմամբ հարվածել է թուրք զինվորների հետնակետին:
Դեպքի կապակցությամբ ՌԴ բարձրաստիճան ղեկավարները զանգահարել են թուրք պաշտոնակիցներին ու հայտնել իրենց ցավակցությունները:
Ըստ «CNNTurk» լրատվական կայքի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ու ափսոսանք հայտնել տեղի ունեցածի համար: Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ 2 նախագահները քննարկել են նաև ահաբեկչության դեմ պայքարը, մասնավորապես` Սիրիայում իրականացվող գործողությունների ընթացքը:
Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմվն էլ հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ` նույնպես ափսոսանք ու ցավակցություն հայտնելով թուրքական կողմին: