Ադրբեջանն ավելի շատ մեկուսացման մեջ է հայտնվել. նախարար
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բարձրացրեց ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու հարցը: «Այն հիմնական մոտեցումը, որ Ադրբեջանը դրանով փորձում է վախեցնել բոլոր նրանց, ովքեր գալիս են ԼՂՀ, դա այդքան էլ առաջնային չէ, նախ ինքը ևս մեկ անգամ ուզում է ցույց տալ, որ ՀԱՊԿ-ում ու ԵՏՄ-ում ունի ավելի շատ դաշնակիցներ, քան Հայաստանը, մեր ոչ միանշանակ հարաբերությունները Բելառուսի հետ ցույց են տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է ավելի սրել դրանք: Մենք լավագույնս կարող ենք օգտվել այս իրավիճակից: Մենք կարող ենք քաղաքակիրթ հարված տալ այս միջնադարյան ձեռնագրին: Արցախ այցերի քանակը շատ ավելի կավելանա, եթե կարողանանք լավ աշխատել, ու կան արձագանքներ, որ ուզում են գան»,-ասաց պատգամավորը, ապա հարցրեց, թե ինչ ծրագիր կա այս հարցին պատասխանելու ու ինչ ձևաչափով են պատրաստակամ քննարկել ԱԺ պատգամավորների հետ այս հարցը:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ այսօր առավոտյան նախարարությունը խոսնակի միջոցով արձագանքել էր, մի քանի օր առաջ ասուլիսի ժամանակ ինքն էլ է սա որակել որպես խայտառակություն, որը վնաս կհասցնի այդ գործարքի մասնակիցներին և ոչ միայն վարկանիշի առումով:
«Հարցնում եք՝ ինչի է Ադրբեջանը գնում այս գործողություններին, ասում եք, որ այնքան էլ նրա համար չէ, որ Ղարաբաղ չգնան, կարծում եմ՝ առաջին հերթին հենց դրա համար է, բայց բացատրությունները, թե ինչու պիտի արտահանձնեին Լապշինին, ամենավատ ձևակերպումներն էին, բայց տասնյակ երկրների ականավոր դեմքերի անունները պարունակող ադրբեջանական սև ցուցակն ինքնին խոսում է այն մասին, թե արդյոք հոսքը կանգեցրել է: Իհարկե, ոչ, ավելացավ և շարունակելու է աճել ու, բնականաբար, այս ուղղությամբ գործողություններ արվել են ու պիտի արվեն, բայց այդ գործողությունների մասին, չեմ կարծում, որ պիտի հայտարարենք»,-շեշտեց ԱԳ նախարարը:
Վերջինս ընդգծեց, որ Ադրբեջանի նյարդերն արդեն տեղի են տալիս, իսկ հիմա փորձում է այնպես անել, որ մյուսների նյարդերն էլ տեղի տան:
Ռ. Հակոբյանն արձագանքեց, որ չենք կարողանում ավելի կանոնակարգված հայկական լոբինգ ստեղծել ու մեկ ընդհանուր ծրագրով աշխատել:
Է. Նալբանդյանն էլ իր պատասխանում հավելեց, որ Ադրբեջանն ավելի մեծ մեկուսացման մեջ է հայտնվում ամեն անգամ նման քայլեր կատարելիս: