«Այնպիսի հարցեր եք տալիս, որ պլյուս, մինուս, սաղ ֆազերը գցում ա»
Խորհրդարանականները շարունակում են քննարկել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման» մասին օրենքի նախագիծը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին հարցրեց: «Ուզում եմ, որ Դուք նորից ասեք 13-րդ հոդվածի մասով, որովհետև բացատրություները հստակ չեն , որ հստակ գրվի այս օրենքում` մարդն իրավունք ունի հիպոթեկային վարկը ժամկետից շուտ վճարել, գրվի այս նախադասությունը: Կամ, եթե չի վճարում, և առաջանում են գրավի հետ կապված հարցեր, հաշվի առնելու են, որ մարդը երեխաներ ունի, ինչպես պետք է հաշվի առնվի մարդուն ընտանիք և երեխա ունենալու հարցը, եթե մարդն անչափահաս երեխա ունի, նրան տանից կվտարեն: Դուք ի՞նչ եք մտածում, եթե մտածում եք, ապա ինչպե՞ս է արտացոլվելու»,- հարցրեց Բագրատյանը:
Գ. Մելիքյանը պատասխանեց, թե նախագծի 13-րդ հոդվածի շուրջ լուրջ քննարկումներ են ծավալվել, փոփոխություններ են եղել: Սակայն պատգամավորը չհասցրեց ավարտել խոսքը` ԱԺ-ն հոսանքազրկվեց, ինչ էլ նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին կատակելու առիթ տվեց: «Պարո՛ն Բագրատյան, այնպիսի հարցեր եք տալիս, որ պլյուս, մինուս, սաղ ֆազերը գցում ա»,- ասաց Շարմազանովը: Իսկ Մելիքյանն էլ շարունակեց և նկատեց, որ խնդիրներն իսկապես շատ են, սակայն, ըստ նրա, կան առաջարկություններ, որոնք դեռևս քննարկվում են և կընդունվեն: «Համաձայն եմ նաև այն մտքի հետ, որ վարկի ժամանակից շուտ մարումը պետք է նաև լուրջ վնասներ չստեղծի վարկատու բանկի համար»,-պատասխանեց Մելիքյանը: