«Կսխալվեն, եթե այդպիսի խաղադրույք անեն»
«Ծառուկյանի մասին խոսելիս նախ մի հարց է առաջանում. նա մասնակցում է ընտրություններին, որ ի՞նչ անի, ինչ է առաջարկելու ընտրողին: Այդ ամենն ընկալելուց հետո միայն կարելի է պատկերացնել՝ եթե Հովիկ Աբրահամյանը «Ծառուկյան դաշինք»-ին միանա, որքանո՞վ կարող է նպաստել այդ նպատակների իրականացմանը», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Վերջինս շեշտեց՝ նախկինում ԲՀԿ-ն ըտրություններին մասնակցել է, ու դրանից հասարակության մեջ նստվածք է մնացել, իսկ այժմ անհասկանալի է՝ ի՞նչ է փոխվել այս ընթացքում:
«Ես առայժմ չեմ տեսնում՝ ինչ է փոխվել: Թե հետագայում ինչ նոր շեշտադրումներ կլինեն, դա չեմ կարող ասել: Ամեն դեպքում, Ծառուկյանն էլ, Աբրահամյանն էլ հանրությանը քաջածանոթ անձինք են, ու նրանց քաղաքական կենսագրությունը քաջ հայտնի է բոլորին: Ու եթե նրանք կարծում են, որ իրենց հենարանը պիտի դառնան ընդդիմադիր տրամադրություն ունեցող զանգվածները, նրանք կսխալվեն, եթե այդպիսի խաղադրույք անեն: Ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրազանգվածը, կարծում եմ, նրանց չի դիտարկում որպես իրենց տրամադրությունները կիսող սուբյեկտների», – նշեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: