Վանոյի գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը՝ Սերժ Սարգսյանին
Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը արդեն 13 օր հացադուլի մեջ է:
Դատապարտյալը պահանջում է հանդիպում ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հետ: Հիշեցնենք, որ Արմեն Տեր Սահակյանը մինչև դեկտեմբերի 30-ը հացադուլի մեջ էր ու գրեթե մեկ ամիս: Նա դադարեցրեց հացադուլը՝ Նոր տարվա հետ պայմանավորելով:
«Հայրս իր խոսքին տեր կլինի և եթե Ֆելիքս Ցոլակյանը չգա հանդիպման հացադուլի 20-րդ օրը կբացի շատ կարևոր մի գաղտնիք, որը շատ մարդկանց համար կարող է ճակատագրական լինել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեր Սահակյանի որդին՝ Արգամ Տեր-Սահակյանը:
Որդին փոխանցեց նաև խոսքը ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին.«Պարոն նախագահ ինչքան պիտի Ձեզ դավաճանեն Ձեր զինակից ընկերները: Այս պայմաններում Դուք պետք է հիշեք մեր մասին»:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը 20 տարի եւ ավել պատիժը կրելուց հետո դիմել էր դատարան` պահանջելով վերացնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցով միջնորդագիր ներկայացնելը հետաձգելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի որոշումը:
«Ես արդեն պատժվել եմ ու չեմ կարող հասարակության համար վտանգ ներկայացնել:Արդեն լուրջ տարիք ունեմ՝ 51 տարեկան եմ ու վատառողջ: Ուզում եմ օդ շնչել ու օրենքի սահմաններում եմ դիմել»,-մեզ ուղղված նամակում գրել էր ցմահ դատապարտյալը:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը Հանրապետության նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մերձավոր շրջանակներից էր, ով բանդայի պարագլուխ է եղել և 1998թ-ին սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման է դատապարտվել։