«Սպան քացով խփել է որդուս դեմքին, ասեղով ծակծկել են ոտքերը». մայրը ահազանգում է /տեսանյութ/
«Որդիս 95 թվի ծնված է ու զորոկոչվել է բանակ 2016 թվի օգոստոսի 29-ին: Իմ երեխեն զորակոչվել է 21 տարեկանում, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի և ոտքերը թույլ են: Նա հետազոտվել է 18 տարեկան հասակում և երեք տարով ազատվել է բանակից: Երեք տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ զինկոմիսարիատ եմ դիմել և ուղեգիր եմ խնդրել, որ որդուս տանեմ հետազոտման»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Աիդա Մելիքյանը:
Աիդա Մելիքյանի փոխանցմամբ՝ մանուկ հասակում որդուն՝ Ռաֆիկ Մելիքյանին սխալ պատվաստում են արել և նա ձեռք է բերել հիվանդություն:
«Իմ տղայի ներվերի 70 տոկոսը չի գործում: Նա կյանքում սապոգ չի հագել: Ես բազմիցս դիմել եմ Պաշտպանության նախարարին ու ոչ մի արձագանք չեմ ստացել: Դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին, որը հետևողականորեն արձագանքել է: Իմ տղան 4 սահմանափակմամբ վայեննի բիլետ են տվել ու տարան բանակ: Իմ երեխեն իր երդման արարողությանը չի մասնակցել՝ ոտքերը մինչև ծունկը ուռած էին: Տունս հենց հիմա գրավի տակ է, որովհետև տոկոսով փող եմ վերցրել, որ երեխուս հետևից հասնեմ»,-պարզաբանեց Աիդա Մելիքյանը:
Մայրը նշում է, որ որդին չի կարողացել ֆիզիկական վարժությունը կատարել և ընկել է.«Սպան քացով խփել է իմ տղայի դեմքին ու ասել՝ չէիր կարողանում պպզեիր չգայի՛ր բանակ: Տղաս էլ հայհոյել ու փախել է: Մի շաբաթ փախած է եղել: Քնած ժամանակ որդուս ոտքերը ծակծկել են ու նա չի զգացել: Առավոտյան տեսել է, որ ոտքերը լրիվ արյան մեջ են: Ընկերները ասել են՝ գիշերը ոտքերդ ծակելեն»:
Մայրը նշում է, որ որդու զինգրքույկում նշված է, որ նա չի կարող ծառայել:
Նա դիմում է ՀՀ վարչապետին և Պաշտպանության նախարարին.« Օգնե՛ք որդուս: Նա չի կարող ծառայել: Եթե կարողանար՝ կծառայեր: Մի որդիս մասնակցել է ապրիլյան պատերազմին ու հպարտ եմ: Ես խնդրում եմ ընդունեք մեզ ու լսեք, այլապես ամեն ծայրահեղ քայլի ունակ եմ: Անգամ կհրաժարվեմ այս երկրից ու կդիմեմ աշխարհին»,-եզրափակեց Աիդա Մելիքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: