Ռոբերտ Քոչարյանն է ուղղորդում (տեսանյութ)
«Առայժմ այս իրավիճակում բացի «Ելք» դաշինքից, որի անդամ կուսակցություննեը դրածո չեն իշխանության կողմից, մնացած բոլորը ուղղորդված , ինչ-որ տեղից մեջտեղ բերված են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հասարական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը:
Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքը նա անհեթեթության գլուխգործոց որակեց: Ս. Հացպանյանի ներկայացմամբ՝ ինքը հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ ու զրուցել «մարտի 1»-ի վերաբերյալ: «Հարգանք ունեի իր նկատմամբ մինչև «մարտի 1-ը», ես անձամբ տեսել եմ՝ բանակն ինչպես մասնակիցը դարձավ այդ արյունալի դեպքերի: Իսկ Սեյրան Օհանյանը երբեք ներողություն չի խնդրել ժողովրդից: Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալության վերաբերյալ էլ եմ խոսել նրա հետ, նա ասել է, դու շատ լավ գիտես՝ ովքեր են Վոլոդյա Ավետիսյանին բանտ գցել, ես ի՞նչ ասեի»,-պատմեց նա:
Վերջինս ընդգծեց, որ մարտի մեկը բիծ է Սեյրան Օհանյանի ճակատին, և չի կարող իր ճակատից սրբել, եթե ինքը չգնա ու ծնկաչոք ներողություն չխնդրի զոհերի ընտանիքներից:
«Վարդան Օսկանյանը ևս հայտարարություն է տարածել «մարտի 1-ի» մասին, և նա ստում է»,-նկատեց բանախոսը, ապա հավելեց. «Այս 2 քաղաքական գործիչների ու նրանց ղեկավարած ուժերի հետևում կանգնած ականջները Ռոբերտ Քոչարյանի ականջներն են, ինչից ես սարսուռ եմ ապրում»:
Henaran.am-ի հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն էլ է ներկայումս հանդիսանում երկրորդ նախագահի կողմից ուղղորդված քաղաքական ուժ, նա պատասխանեց. «ԲՀԿ-ն, երբ նոր էր հիմնադրվել, ասել եմ՝ չկա ԲՀԿ, չկա Գագիկ Ծառուկյան, այս ամբողջը Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կուսակցությունն է, հիմա ոչինչ չի փոխվել»: