”Մենք մեր տրամադրության տակ ունենք բավարար ռազմական տեխնիկա` հակադարձելու թշնամուն”
”Չգիտեմ` ինչ զանգվածային ոչնչացման զենքի մասին եք խոսում, բայց Հայաստանի զինված ուժերը ունեն բավարար մարտական պատրաստվածություն: Մենք մեր տրամադրության տակ ունենք բավարար ռազմական տեխնիկա` հակադարձելու հակառակորդի ցանկացած ոտնձգության, բացի այդ ՀՀ զինված ուժերը համալրվում են նորագույն սպառազինություններով և ռազմական տեխնիկայով, որոնք որակական հատկանիշներով գերազանցում են ադրբեջանական սպառազինություններին”,-այսօր ասուլիսում ասաց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` ի պատասխան հարցի, թե չի կարծում, որ Ադրբեջանի կողմից ըստ որոշ տեղեկություների` ձեռք բերված զանգվածային ոչնչացման զենքը կարող է վտանգ հանդիսանալ ՀՀ-ի անվտանգության համար:
Բաղդասարյանը նշեց, որ ամեն մի հակառակորդի սպառազինության նոր մատակարարում իր մեջ պարունակում է մտահոգության էլեմենտներ, սակայն այս խնդիրը մշտապես գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում:
Բաղդասարյանը շեշտեց, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը, այդ թվում զենքի, ռազմական տեխնիկայի, մատակարարման գործընթացները շարունակվում են անխափան մնալ և գտնվել բարձր մակարդակի վրա:
”Մեր զինված ուժերը համալրվում են նորագույն սպառազինություններով և ռազմական տեխնիկայով, ինչը մենք շարունակելու ենք անել ապագայում և ուշադիր հետևելու ենք բոլոր զարգացումներին”,-նշեց նա:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հավելեց, որ Հայաստանի անվտանգությունը բավական բարձր մակարդակի վրա է գտնվում, և սա հնարավորություն է տալիս վստահաբար նայել վաղվա օրվան ու մտածել տնտեսական զարգացումների մասին: