27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ես Ձեզ հավերժ զինակից ընկեր. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ։

Տարածած տեսանյութում նա մասնավորապես ասել է.
«Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ

Ազատամարտի փառապա՛նծ մարտիկներ

Հայրենիքին կյանքը նվիրած հայորդիների սիրելի՛ հարազատներ

Շնորհավորում եմ Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ:

Հայ ժողովրդի նորօրյա պատմության ամենամեծ ձեռքբերումը հայկական բանակն է՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման միակ երաշխավորը, հենարանը, ով իր անցած փառահեղ ճանապարհով, մեծ հաղթանակներով ձեռք է բերել տարածաշրջանի ամենամրցունակ բանակի համբավը: Սրանք լոկ խոսքեր չեն, եւ բոլորիս կողմից մեծագույն ջանքեր են ներդրվել մեր բանակը կառուցելու ու զարգացնելու նպատակով՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդի, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի եւ Արցախի հայորդիների, մտավորականների, կամավորականների, հրամանատարների, զինվորների հետեւողական գործունեության, մաքառումի շնորհիվ: Այսօր բոլորս հպարտություն ենք ապրում մեր հայրենիքի հզոր պաշտպանի՝ Հայոց բանակի համար:

Մեր երիտասարդ բանակի կազմավորման ակունքներում հայ ժողովրդի ամբողջ պատմությամբ մեզ փոխանցված համաշխարհային ռազմական գիտության իմացությունն է՝ ամրագրված պայքարով, մարտական գործողություններով, եւ ոչ միայն մեր ազգային, այլեւ համաշխարհային պատմության ամենահզոր աշխարհամարտերին հաղթանակ պարգեւած հայազգի նշանավոր զորավարների գիտելիքներով եւ բարձր օպերատիվ պատրաստվածությամբ:

Մեզ պարտադրված պատերազմը, նույնիսկ շրջափակումն ու երկրաշարժի ավերածությունները չկարողացան խոչընդոտել մեր միասնությանը, դժվարագույն պայմաններում մեկս մյուսին օգնության հասնելու պատրաստակամությանը, եւ մենք ազգային համախմբման, զարթոնքի վառ արտահայտված օրինակներ ունեցանք. երբ Գյումրիում ավերիչ երկրաշարժ էր, իսկ Արցախում՝ պատերազմ, Արցախից կամավորականների ջոկատները Գյումրիում էին ՝ օգնելու իրենց հայրենակիցներին, իսկ Գյումրիի ազատամարտիկները, փլատակների տակ թողնելով իրենց հարազատներին, ջոկատներով մեկնում էին Արցախ՝ ազատագրելու հայոց պատմական հայրենիքի սուրբ մասնիկը:

Մեր սերունդը, տոգորված մեր պապերի եւ հայրերի հերոսություններով, պատվով կատարեց իր առաքելությունը՝ Արցախի ազատագրման եւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության հետ մեկտեղ իրականացնելով բանակաշինության ողջ գործընթացը:

Ետպատերազմյան տարիներին ազգային եւ միջազգային երաշխիքների ձեւավորմամբ է՛լ ավելի հզորացավ հայկական բանակը, ավելացան մեր մարտական կարողությունները, ամրապնդվեց հրամանատարների, զինվորների վարպետությունն ու ոգին, եւ ինչպես Արցախյան պատերազմի տարիներին, այնպես էլ այսօր, ամեն օր գերազանց կերպով է հանձնում քննությունը՝ լուծելով իրեն վստահված մարտական խնդիրը:

Մենք ժողովրդի հետ ընդմիշտ միասին ենք, եւ ըստ այդմ, ինձ համար սահմանին կանգնած զինվորն ու սահմանամերձ գյուղի բնակիչը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի եւ զինծառայող նույն հարթության վրա են, որովհետեւ նույն առաքելությունն են իրականացնում՝ հերոսաբար անառիկ պահելով եւ շենացնելով մեր հայրենիքը:

Ուրեմն հերոս է մեր ողջ ժողովուրդը, որովհետեւ ողջ ժողովուրդն է պայքարել, հաղթել, եւ այսօր էլ նրա որդիներն են ծառայում բանակում, եւ նա է ականատեսը իր զավակների հմուտ, ինքնավստահ եւ խիզախ գործողությունների, դրանց վերջնարդյունքում՝ անվիճելի հաղթանակներին:

Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են: Ուրեմն մենք միասնաբար եւ ազնվորեն պետք է շարունակենք մեր՝ համաժողովրդական բանակի ձեւավորման ճանապարհը: Մեր երբեմնի ավանդական մարտական ոգին, համահայկական համերաշխությունն ու միասնությունը վերականգնելու եւ ազգային-գաղափարական զարթոնքի համար՝ 1988 թվականի մտավորական-կամավորական շարժումը այսօր մտավորականների հետ պարտավոր է նորից շարունակել մեր բանակի սպան, ովքեր էլ, կարծում եմ, միասին հայ ազնվականության հիմքը պետք է կազմեն:

Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ մեր հայրենակիցները հիացմունքով էին նայում մեր հայրենիքի քաջ պաշտպաններին՝ զինծառայողներին, Ազատամարտի փառապանծ մարտիկներին: Նրանց հպարտ, խրոխտ, արժանապատիվ կեցվածքը, իրավամբ, հիացմունքի էր արժանի: Հոգիս ցնծում էր ու հպարտանում, որ մեր ժողովուրդը այդպիսի որդիներ ունի. նրա՛նք էին զորահանդեսի ուժն ու գեղեցկությունը:

Ես հպարտ եմ, որ իմ գիտակցական կյանքը նվիրել եմ հենց բանակին, եւ այսօր էլ պատրաստ եմ փորձության ժամին կանգնելու խրամատում արիաբար մարտնչող զինվորի կողքին:

Անշուշտ, բանակը, ինչպես ցանկացած օրգանիզմ, խնդիր ունի է՛լ ավելի կատարելագործվելու: Ժամանակակից աշխարհում գերակա է դառնում արհեստավարժ բանակի գաղափարը, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրի հզորացմամբ ապահովենք բանակի այդ հատվածի տեսակարար կշռի ավելացումը:

Համոզված եմ, որ ճիշտ կառավարելով մեր ռեսուրսները՝ հետագայում նույնպես ունակ կլինենք պատշաճ կերպով ապահովելու մեր անվտանգությունը, մանավանդ որ երկրի պաշտպանությունը պետության ամենակարեւոր եւ գլխավոր գործառույթն է:

Սիրելի՛ հայրենակիցներ

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ՝ կցանկանայի իմ խորին երախտագիտությունը հայտնել Արցախյան ազատամարտի փառապանծ մարտիկներին, մեր արհեստավարժ, քաջ ու պատվախնդիր զինծառայողներին, մեր ողջ ժողովրդին՝ բանակին մշտապես սատարելու համար:

Խոնարհվում եմ այն տղաների պայծառ հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը պատարագեցին հայրենիքի փրկության զոհասեղանին: Նրանք այսօր էլ մեր շարքերում են:

Փա՛ռք ու պատիվ:
Իսկ ես Ձեզ՝ հավերժ զինակից ընկեր…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ