Հայոց բանակը 25 տարեկան է /տեսանյութ/
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետությունը տոնում է Հայոց բանակի տոնը՝ մեր բանակը 25 տարեկան է։
Հայոց բանակի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:
1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից, ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:
1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: