Ցանկանում ենք ցույց տալ բոլորին մեր երազած երկիրը․ վարչապետի հարցազրույցը The Banker-ին
ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցից հատված, որը հրապարակվել է բրիտանական հեղինակավոր “The Banker” ամսագրում
Հարց. Պարոն վարչապետ, ի՞նչ տնտեսական նախաձեռնություններ և ծրագրեր ունեք:
Պատասխան. ՀՀ վարչապետ – Կան մի քանի հիմնական թեմաներ, որ ես կցանկանայի առանձնացնել:
Մենք պետք է ստեղծենք իսկապես ազատ, մրցակցային և արդար գործարար միջավայր: Մենք վստահ ենք, որ մեր ազգի ստեղծագործական ներուժի և գործարար խորաթափանցության շնորհիվ տեղական բիզնեսն իրապես արագ աճ կարձանագրի: Բացի այդ, եթե մենք հստակ ազդակներ ուղարկենք, ապա օտարերկրյա ներդրողները կարձագանքեն և կմտնեն հայաստանյան շուկա, իրենց համար հարմարավետ խաղի կանոններով:
Հաշվի առնելով մեր ներկա տնտեսական վիճակը, մենք պետք է խթանենք բիզնեսը գուցեև իշխանության համար ոչ ավանդական ճանապարհով: Մենք պատրաստվում ենք ստեղծել հիմնադրամներ, որոնք պետք է ֆինանսավորում տրամադրեն տարբեր ոլորտներին, օրինակ՝ գյուղատնտեսությանը, ՓՄՁ-ներին և այլն:
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, որտեղ մասնավոր և պետական հատվածի տաղանդավոր ներկայացուցիչների ներգրավմամբ պետք է քննարկենք և մշակենք երկարաժամկետ ծրագրեր և բարեփոխումներ և, ի վերջո, որոշենք, թե որ ուղղությամբ պետք է Հայաստանը շարժվի:
Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի բարենպաստ և հարմարավետ պայմաններ ստեղծենք ստեղծագործ և աշխատասեր անհատների համար և ուրվագծենք հորիզոններն այնպես, որ բոլորը լծվեն այդ ապագայի կառուցմանը: Մենք ցանկանում ենք ցույց տալ բոլորին մեր երազած երկիրը:
Հարց – Ի՞նչ առաջնահերթություններ կան, որոնց անդրադառնալու եք որպես վարչապետ:
Պատասխան. ՀՀ վարչապետ – Անկեղծ ասած, վարչապետի աշխատանքն ենթադրում է, որ ամեն ինչ առաջնահերթ է: Տնտեսական աճ, սոցիալական խնդիրներ, առողջապահություն և կոռուպցիայի դեմ պայքար. դժվար է ասել, թե սրանցից որն է առաջնահերթ, իսկ որը՝ երկրորդական:
Թերևս տարբերությունը վարչապետի և գործարարի գործողությունների և աշխատանքի միջև այն է, որ վարչապետը չի կարող իրեն թույլ տալ սոսկ ամենակարևոր հարցերի վրա կենտրոնանալու շռայլություն թույլ տալ: Իմ կարծիքն այն է, որ մեր առաջին հիմնական խնդիրն է կապ հաստատել հասարակության հետ այնպես, որ մեր հասարակությունը հասկանա, հավատա և արձագանքի մեր կողմից ուղարկված ազդակներին: Խոսքը վերաբերում է ինչպես գործարար միջավայրին, այնպես էլ լայն հասարակությանը: Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի բարելավել իրավիճակը, երբ մեր ազգը մեր դաշնակիցն է և սատարում է այն ծրագրերին, որոնք մենք առաջարկում ենք: