Պատմությունն ինքն է Հայաստանին ու Ադրբեջանին դասակարգել ուժի ու թուլության սանդղակներում. Կարեն Ավագյան
Այսօր՝ հունիսի 26-ին Ադրբեջանը ցուցադրել է իր ռազմական սպառազինությունը: Շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի մասին: Նրա հայտարարությանը իր ֆեյսբուկյան էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությունը («Ուժեղ Ադրբեջանը թույլ Հայաստանի հետ կարող է խոսել ցանկացած լեզվով») առավել քան տարակուսանք է առաջացնում։ Ուժի և թուլության ալիևյան ընկալումներն ակնհայտորեն շեղված են։
Ադրբեջանի ղեկավարն իր երկրում նախագահական ընտրությունների շեմին նման դոնկիխոտյան հայտարարություններով փորձում է շեղել ադրբեջանական հանրության ուշադրությունը։ Ռազմական ցուցադրական շքերթներով, սին ու սպառնալից հայտարարություններով երբեք ուժեղ չեն դառնում։ Պատմությունն ինքն է Հայաստանին ու Ադրբեջանին դասակարգել ուժի ու թուլության սանդղակներում։
Բոլորս գիտենք, թե ինչ խնդիրներ ունի Ադրբեջանը, բոլորս տեղյակ ենք այդ երկրի ժողովրդավարության, բանակի և ընդհանրապես Ալիևի ընտանիքի ու ալիևյան կլանի պրոբլեմներին։ Նման խնդիրներ ունեցող երկրի նախագահի սպառնալից բառապաշարն ուղղակի ծիծաղելի է ու արժանի կարեկցանքի։