Արտակարգ պատահար Սյունիքում
Երեկ ուշ երեկոյան արտակարգ պատահար է գրանցվել Սյունիքի մարզում: Ողջի գետի վարարման պատճառով Կապան-Քաջարան ճանապարհի 13-րդ կմ-ում երկու կամուրջ է փլուզվել: Դրանք Ձագեձոր բնակավայրը կապում էին միջպետական մայրուղուն: Բնակավայրը մտնում է Լեռնաձորի գյուղի վարչական սահմանի մեջ:
Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղը այս պահին կտրված չէ արտաքին աշխարհից, գործում է հետիոտն մեկ կամուրջ: Տուժածներ չկան, այդ պահին բարեբախտաբար, կամուրջներով անցնող մարդ չի եղել:
Կամուրջները, գյուղապետի խոսքով` կառուցվել էին խորհրդային տարիներին: Մասնակի նորոգում արվել էր, սակայն հիմքերն արդեն թուլացել էին եւ չդիմացան վարարմանը: Գետի ջրերը նաեւ քշել-տարել են գետի հունի մոտ գտնվող տնամերձ այգիներ, վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաներ, ծառեր:
Գյուղապետի խոսքով, երեւի մեկ հա տարածք է վնասվել եւ Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը խոստացել է փոխհատուցել բնակիչներին: Դեռեւս հանձնաժողովը ճշտում է վնասի չափերը:
Կոմբինատը նաեւ ժամանակավոր կամուրջ կկառուցի: “Էսօրվանից կսկսեին կառուցումը, ուղղակի գետը շատ է վարար”,-ասաց Ս. Պետրոսյանը:Նրա խոսքով, 20-25 րոպե հորդառատ անձրեւ էր գյուղում, ինչի պատճառով էլ խցանում առաջացավ ԶՊՄԿ-ի թունելում: “Ճյուղեր եւ ծառեր էին լցվել եւ ամբարտակի ջուրը հոսեց գետը, ինչն էլ կամուրջների փլուզման պատճառ դարձավ”,-ասաց գյուղապետը: