Ուսուցիչները դիմում են ԴԱՀԿ-ի Միհրան Պողոսյանին
Վանաձորի թիվ 8 դպրոցի աշխատակազմն արդեն երկրորդ ամիսն է աշխատավարձ չի ստանում: Չեն ստացել մայիս ամսվա աշխատավարձը, ստանալու հույս էլ չունեն:
“Հենարան” մամուլի ակումբում այսօր հյուրընկալվել էին դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանը, դպրոցի ուսումնական գծով տնօրեն Ասյա Զալյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Նարինե Միքայելյանը և ռուսաց լեզվի ուսուցիչ, արհկոմի նախագահ Մանյա Ծատուրյանը:
“Գործը գնալով խճճվում է: Մենք չենք կարողանում ստանալ օրենքով սահմանված մեր աշխատավարձը, չնայած գումարը հաշվի վրա է, պարզապես սառեցված է”,- նշեց դպրոցի տնօրենը` հավելելով, որ ինքը դիմել է հարկադիր կատարման ծառայություն, բայց տեղաշարժ չկա:
Խնդիրը սկսվել է դեռևս ինը տարի առաջ, երբ ինֆորմատիկայի ուսուցչուհին ազատվել է աշխատանքից, այնուհետև դատի տվել դպրոցին` պահանջելով իր աշխատավարձը. “Ինֆորմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանը դիմում է դատարան եւ պահանջում 2 տարվա աշխատավարձ` ներկայացնելով կեղծ դրույքաչափ եւ կեղծ աշխատավարձի չափ:
Դատարանը բավարարում է իր այդ պահանջը, եւ դպրոցի ուսուցիչների աշխատավարձերի միջոցներից բռնագանձվում է 2 մլն 632 հազար դրամ”: Դրանից հետո դպրոցի վրա, այսպես ասած, հաշվիչ է միացված, պարբերաբար կամ բռնագանձումներ են լինում կամ էլ, ինչպես ներկայումս, անձնակազմը չի կարողանում աշխատավարձ ստանալ:
Ըստ տիկին Ստեփանյանի` այս դեպքում խախտում է թույլ տվել ԴԱՀԿ-ն` բռնագանձելով գումարները դպրոցի միջոցներից, դա այն դեպքում, երբ սահմանված է, որ աշխատավարձերը, հարկերը, տուրքերը հաշվարկելուց եւ վճարելուց հետո եղած մնացորդից պետք է հանվեն այդ գումարները: Ուսուցիչները մտավախություն ունեն, որ չեն կարող ստանալ նաև իրենց արձակուրդայինները:
“Ես դիմում եմ Գլխավոր հարկադիր կատարող պարոն Պողոսյանին, խնդրում եմ 43 ուսուցիչների և նրանց ընտանիքների անունից, կարգավորեք այս հարցը, որպեսզի մարդիկ կարողանան ստանալ իրենց աշխատավարձը”,- նշեց տիկին Ստեփանյանը:
Դպրոցի ուսումնական գծով տնօրեն Ասյա Զալյանն էլ ասաց, ինքը տան միակ աշխատողն է և ուզում է ստանալ իր վաստակած գումարը, իրենք ողորմություն չեն խնդրում. “Ինսուլտ տարած ամուսին ունեմ, չեմ կարողանում դեղերն առնեմ, աշխատավարձ չեմ ստանում”,- ասաց նա:
“Երկու դատավորների անօրինական ուժի մեջ մտած որոշման հեոտևանքով դպրոց է կործանվում, 43 ընտանիք առանց փողի է մնացել”,- նշեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Միքայելյանը: