30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԼՂՀ Ազգային ժողովն ընդունել է 2017թ.-ի պետական բյուջեն

ԼՂՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին գումարել է հերթական լիագումար նիստը:

Ողջունելով ներկաներին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ մի քանի օր անց՝ դեկտեմբերի 28-ին լրանում է Արցախի անկախ պետականության տարեգրության համար ոչ պակաս կարևոր մի իրադարձության՝  առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունների 25 ամյակը:
Այնուհետև խորհրդարանն անցել է Հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի, դրան ուղեկցող օրինագծերի և օրենքների մյուս նախագծերի  քննարկմանը:

Խորհրդարանին ներկայացնելով «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի նախագծը ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը նշել է, որ նախորդ լիագումար նիստից հետո կառավարությանն է ներկայացվել 26 հարց՝ 2 խմբակցության և մեկ պատգամավորի կողմից:

«Այդ հարցերից 20-ը կրկնվող են, որոնց վերաբերյալ կառավարությունն իր տեսակետը չի փոխել, իսկ մյուս հարցերին տրվել է գրավոր պատասխան և ուղարկվել է Ազգային ժողով: Ներկայացվել են նաև այն փոփոխությունները, որոնք կատարվել են բյուջեի նախնական տարբերակում»,-մանրամասնել է Սպարտակ Թևոսյանը:

Ֆինանսների նախարարի խոսքով առաջարկությունների արդյունքում փոփոխության են ենթարկվել քաղպաշտպանությանը, հասարակական կարգի պահպանությանը, առողջապահությանը վերաբերող հոդվածները: Այսպիսով՝ բոլոր փոփոխությունների արդյունքում բյուջեի ծախսերը ավելացել են 185մլն 244հազ  դրամով  և 2017թ.-ի պետական բյուջեի ընդհանուր գումարը կազմել է  94 մլրդ 432 մլն դրամ:

Բյուջեի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել նաև խորհրդարանական խմբակցությունները:
Պատգամավորների առաջարկություններին ու մտահոգություններին պատասխանելու համար եզրափակիչ խոսքով հանդես է  եկել հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել պատգամավորներին՝ կառուցողական քննարկումների համար և հայցել նրանց ներողամտությունը՝ որոշ առաջարկներ չընդունելու համար:
«Եթե չենք ընդունում առաջարկությունները, դիտողությունները, քննադատությունները, խնդրում եմ՝ ճիշտ գնահատեք, քանի որ կարևորը նպատակն է, որին մենք հասել ենք ձեզ հետ միասին: Մեր նպատակը համախառն ներքին արդյունքն է, տնտեսության աճն է, իսկ բյուջեն դրա արդյունքն է»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախ՝ պետական բյուջեին ուղեկցող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև երկրորդ ընթերցմաբ՝ «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները, իսկ այնուհետև, 27 կողմ, 3 դեմ ձայներով՝ նաև «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:

Պատգամավորները քննարկել և ընդունել են նաև «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց  սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը, որի համաձայն առաջարկվում է նշված օրենքներով սահմանված կենսաթոշակների չափերը հաշվարկելիս աշխատանքային և մասնագիտական ստաժում ներառվող ժամանակահատվածները հաշվառել մինչև 2018թ.-ի հունվարի 1-ը:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանն ընդունել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել Հայկ Խանումյանը:

Եզրափակելով նիստը՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ այս նիստով նստաշրջանը չի փակվում, հաշվի առնելով օրակարգում որոշ օրինագծերի առկայությունը, ինչպես նաև Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության նախագիծն օրերս խորհրդարան ուղարկելու փաստը, որի նախնական քննարկումը տեղի կունենա այս տարվա վերջին նիստում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ