Ինչպես կասեր տատս`դուք ձեր դարդը լացեք /վիդեո/
”Վերջին շրջանի քաղաքական օրակարգը բավականին հագեցած էր` թե ներքին, թե արտաքին քաղաքական օրակարգը նույնպես, և վերջին շրջանում քննարկվեցին թե էներգետիկ անվտանգության հետ կապված հարցեր, թե մտահոգիչ էին արտագաղթի հետ կապված հիմնախնդիրները, թե մեր հարևան երկրից հնչող տարակուսելի հայտարարությունները, թե տնտեսական զարգացման հիմնախնդիրները”,-այսօր Ազգային ժողովում ելույթների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ դժվարությունները մեր երկրում շատ են և որևէ մեկը դա չի վիճարկում, սակայն միևնույն ժամանակ պետք է ասել, որ գնալով խնդիրները ոչ թե ավելանում են, այլ պակասում:
Ըստ Շարմազանովի` բոլոր խնդիրներով հանդերձ պետք է հիշել, որ ՀՀ-ը նախորդ տարի ԱՊՀ տարածաշրջանում ամենամեծ տնտեսական աճ ունեցած երկիրն է, այստեղ աշխատատեղերն ավելանում են:
Սակայն ԱԺ փոխնախագահին մտահոգում է մի այլ բան. ”Երբ որ մեր ընդդիմադիրները քննադատում են, հասկանալի է, որովհետև հայոց ընդդիմությունը քննադատում է ոչ թե սևացնելու, այլ, ես կարծում եմ, ուղղելու, օժանդակելու նպատակով, բայց երբ որ դրա մասին խոսում են Արցախից արևելք ընկած երկրի իշխանավորները, սա արդեն նմանվում է կրկեսի: Գործը հասել է նրան, որ պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անդունդ է, և այդ անդունդը ավելանալու է, որովհետև դա իրենց նպատակն է: Իհարկե անդունդը պետք է մեծանա: Բաքվում քարոզվում է ֆաշիզմ և ռասիզմ, Երևանում քարոզում են հանդուրժողականություն, Բաքվում քարոզում են պատերազմ, Երևանում քարոզում են խաղաղություն, Բաքվում բռնապետություն է, Երևանում` ժողովրդավարություն, Բաքվում խոսքի ազատությունը ֆանտաստիկայի ժանրից է, Երևանում` իրականություն, ուզեն, թե չուզեն սա է”,-ասաց Շարմազանովը ու շարունակելով` նկատեց.
”Ինչ վերաբերում է մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրներին, ապա ևս մեկ անգամ պետք է նշեմ` դրանք, դրանց լուծումները շատ կարևոր են, և պատահական չէ, որ երկրի անվտանգության խորհրդի նիստին հանրապետության ղեկավարը երկու հստակ ուղերձ հղեց թե հասարակությանը, թե առաջին հերթին իշխանությանը: Առաջինը` մենք պետք է շարունակենք զարգացնել ժողովրդավարության ինստիտուտները, և երկրորդը` ոլորտ առ ոլորտ պետք է վերափոխենք մեր տնտեսությունը: Իսկ ովքեր որ մտածում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անդունդը պետք է ավելանա, իրոք որ պետք է ավելանա, ինչպես կասեր տատս`դուք ձեր դարդը լացեք”:
Դիտեք` տեսանյութը: