Հարուստ Ադրբեջանում աղքատությունը մշակույթ է դարձել
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատրաստվող հայցին, ըստ որի Ադրբեջանը պատրաստվում է համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ պահանջել Հայաստանից 300 միլիարդ դոլար փոխհատուցում` տարածքների և փախստականների առնչությամբ:
՛՛Պատրաստվող հայցում խոսվում է 20% տարածքների մասին, սակայն պարզ է, որ այդտեղ կա սխալ. 86 հազ. քառ. կմ-ի դիմաց այժմ իրենք ունեն վերահսկողություն 75 հազ. քառ. կմ-ի վրա, ինչը չի կարող լինել 20%: Մյուս կողմից նշվում է 1 միլիոն փախստականների մասին, որը ևս հնարավոր չէ, քանի որ շատ ուսումնասիրություններ փաստել են, որ ադրբեջանցի փախստականների թիվը չի կարող լինել 570 հազարից ավել՛՛:
Տիկին Ալավերդյանը Ադրբեջանի պահվածքը հիմնավորեց մի քանի կողմերով: Առաջինը` Ալիևը փորձում է դրանով ևս մեկ անգամ ցույց տալ սեփական հանրությանը, թե պայքար է տանում հողերի համար, քանի որ ունի խնդիր նորից ընտրվելու նախագահի պաշտոնում: Մյուս հիմքը նման քայլի, նախկին պատգամավորի համոզմամբ, կրկնօրինակելու խնդիրն է:
՛՛Հայոց ցեղասպանության վերաբերյալ շատ կազմակերպություններ պահանջներ են դրել Թուրքիայի դեմ բավականին մեծ գումարներ փոխահատուցելու համար, և այժմ էլ Ադրբեջանն է փորձում նման քայլեր անել՛՛:
Մարդու իրավունքների առաջին պաշտպանը նկատեց, որ չնայած Ադրբեջանի հարստություններին, այնտեղ աղքատությունը դարձել է մշակույթ:
՛՛Փաստաթղթերում ներկայացվում են հայկական ուժեր, այլ ոչ Հայաստան պետություն, այնպես որ այս կողմով ևս Ադրբեջանի հայցի հիմքերը հիմնավոր չեն կարող լինել՛՛,-ասաց նա: