… Որ մեր ոստիկանապետի Անգելինան հանգիստ ապրի
Քրեագետ Սերգեյ Գալոյանն անձամբ ծանոթ չէ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, ում տան մոտ երկու օր առաջ կրակոցներ են հնչել, եղել է սպանություն, իսկ երկուսը վիրավորվել են: Այս դեպքի մասին Գալոյանը գրելու է իր գրքերում, սակայն դեռևս չգիտի, թե արդյոք մեղավոր է մարզպետը: Բայց նա լկտիություն է համարում մարզպետի երեկ արած հայտարարությունը, որ նա հրաժարվում է մարզպետի իր լիազորություններօց մինչև նախաքննության ավարտը:
‘‘Սա նշանակում է լկտիության ամենավերին աստիճան: Որևէ մեկս չենք կարող հավաստի ասել` մարզպետը քսան անգամ կրակել է, թե ոչ, բայց իր բակում է եղել, մարդ է սպանվել, երկու մարդ վիրավորվել են, նորմալ մարդը հրաժարական կտար: Լսի մարդ կարող է լկտի լինել, բայց է՞ս աստիճան”,-այսօր ”Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպումը հուզական նոտայով սկսեց քրեագետ Սերգեյ Գալոյանը:
Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը, թե ինքը քնած է եղել միջադեպի ժամանակ, Գալոյանի ծիծաղն է առաջացնում: ”Մարդ չկա Հայաստանում, որ չհավատա, որ երեք հատ կրակել են, ինքը հանգիստ քնած է եղել”,-նշեց քրեագետը:
Վերջինս ընդգծեց, որ երեկ իրեն բավական զարմացրել է նաև Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայտարարությունը, որ Սուրեն Խաչատրյանը քրեական հանցագործ է: Գալոյանի խոսքով` Խաչատրյանը գողական չէ, սակայն ինչ-ինչ հանցագործությունների հետ կապված պատմություններում նրա անունն էլ է շրջանառվել տարիներ շարունակ:
”Թողենք էս գողական աշխարհը, նրանք չգիտեն` ինչ է գողական աշխարհը: Դա լուրջ պետություն է պետության մեջ, դա հզոր ուժ է, որի ձեռքին կուտակված է և զենք, և փող:
Նրա տնից գտել են մեծ քանակությամբ զենք, օրինական ճանապարհով զենքը ինչ գործ ունի ՀՀ քաղաքացի Սուրիկ Խաչատրյանի տանը, զենքը կկրակի մի օր: Սա ամենացածր մակարդակի գյադայական խուժանական հաշիվ մաքրել է, սրանք կիսելու բան չունեին այնպես, ինչ-որ ունեին Դեդ Հասանն ու Տարոն: Գորիսում արդեն եդքան բան չկա, որ իրար հետ կիսեն”,-ասաց Գալոյանը:
Քրեագետը շեշտեց, որ քրեական աշխարհի հեղինակությունները չեն խառնվում այս հարցերին, քանի որ սրանք ցածր մակարդակի ռազբորկաներ են:”Սա ցածր մակարդակ է: Օրենքով գողերը բարձր են, չեմ ասում, որ հրաշք մարդիկ են, ունեն իրենց օրենքները և օրենքներին ենթարկվում են”:
Գալոյանի համար այս ամենաթողությունը անթույլատրելի է: ”Ես ուզում եմ, որ իմ թոռները, մեր ոստիկանապետի աղջիկը, որ երգեր է երգում` Անգելինան, հանգիստ ապրի, նրանք այնիպսի երկրում ապրեն, որտեղ չեն կրակում: Սա հնարավոր է միայն օրենքի գերակայության դեպքում, միայն այն դեպքում, երբ ամենաթողներ ու հզորներ Հայաստանում չլինեն”,-եզրափակեց քրեագետը: