Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի. ՔԿՎ
Ներկա պահին Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի եւ շարունակում է ստանալ նշանակված դեղորայքային բուժումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
Հաղորդագրության մեջ ասվում է.
«Քրեակատարողական վարչության` ՀՀ առողջապահության նախարարություն ուղարկված միջնորդությամբ` նոյեմբերի 18-ին ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպվել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան Գ. Հովհաննիսյանը, գլխավոր անոթաբան Տ. Սուլթանյանը, գլխավոր թերապեւտ Մ. Նարիմանյանը եւ գլխավոր սրտաբան Հ. Հայրապետյանը:
Ուսումնասիրելով կատարված գործիքային եւ լաբորատոր հետազոտությունների արդյունքները, զննելով հիվանդին կոնսիլիումը եզրակացրել է, որ ներկա պահին կալանավորված անձ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի եւ շարունակում է ստանալ նշանակված դեղորայքային բուժումը:
Այդուհանդերձ պետպատվերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել եւս երկու հավելյալ հետազոտություններ»:
Ավելի վաղ այսօր՝ Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը ասուլիսում հայտարարել էր, որ անհրաժեշտ է Վահան Շիրխանյանին անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել. խոսքը մարդու կյանքը փրկելու մասին է: «Ես նրա հետ երեք օր առաջ եմ խոսել, նա ասաց, որ 11 ամիսների ընթացքում մոտ 4 հազար հաբ է ընդունել: Արդյունքն այն է, որ նա առողջ է ձերբակալվել, իսկ այժմ արդեն հաշմանդամ է: Նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Ինձ ցնցեց այն տեղեկությունը, որ արդեն 3 ամիս շարունակ Շիրխանյանն ի վիճակի չի եղել լոգանք ընդունելու, քանի որ դրա համար նա պետք է մեկ հարկ իջնի եւ ցնցուղի տակ կանգնի, ինչն ուղղակի ի վիճակի չէ անել»,- նշել էց Ալումյանը՝ հավելելով, որ այստեղ որոշակի դիտավորություն կա այնպես անել, «որպեսզի Վահան Շիրխանյանը բանտից ողջ դուրս չգա»: Հայկ Ալումյանն ընդգծեց, որ վիճակը չափազանց ծանր է:
Նշենք, որ Վահան Շիրխանյանը ձերբակալվել է 2015-ի դեկտեմբերի 21-ին Նորք-Մարաշում զինված խմբավորման վնասազերծման գործի շրջանակում: Նա մեղադրվում է խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ համագործակցության մեջ: Ընթացիկ տարվա սեպտեմբերին քննչական մարմինը Վահան Շիրխանյանին նոր մեղադրանք առաջադրեց՝ իշխանության գրավման նախապատրաստում: