ԲՀԿ-ն չի մասնակցի բյուջեի քվեարկությանը
ՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ ՊՆ օգնության ֆոնդին՝ նշելով՝ չնայած քննադատություններին, ՀՀ-ում և ոչ միայն` ՀՀ-ում, այլ նաև Արցախում ու Սփյուռքում չկա որևէ հայ, ով կարծի, որ հաշմանդամություն ունեցող մեր զինծառայողներին, նախկին զինծառայողներին, զոհվածների ընտանիքներին համապատասխան ուշադրությունը և վերաբերմունքը պետք չէ:
Պատգամավորն անդրադարձավ նաև բյուջեի նախագծին: Նրան զարմացրել էր կառավարության ներկայացուցչի այն հայտարարությունը, թե Հայաստանում աղքատության թիվը նվազել և հասել է 30%-ի: «Կառավարության ներկայացուցչի կողմից եղավ մոտեցում, որ ՀՀ-ում աղքատության թիվը նվազել է և հասել 30 տոկոսի: Մենք գիտակցում ենք, որ սա մտահոգիչ թիվ է և հեռու է գոհացուցիչ լինելուց»,- ասաց նա, ապա հավելեց. «ՀՀ-ում պակասել են աշխատատեղերը, զբաղվածության խնդիր կա, արտագաղթի խնդիր կա, այս պայմաններում բարձրաձայնել, որ աղքատության թիվը նվազել է, լուրջ չէ»:
Վերջում Էնֆիաջյանը հայտնեց, որ իրենք չեն մասնակցելու բյուջեի քվեարկությանը: