Ես ոգևորվել եմ ձեր համարձակությունից. Մանուկյանը՝ նախարարին
«Ես ոգևորվել եմ ձեր համաձակությունից, որ դարձել եք այս ոլորտի նախարարը»,-այսօր Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին: Ապա պատգամավորը նետեց, որ նախարարը չի համոզում, որ իրենց քայլերը դրական առաջընթաց են ապահովելու ՀՀ տնտեսության համար: Պատգամավորին զարմացնում է, թե ինչու են ՀՀ-ում ներդումները կտրուկ նվազում, երբ վերջին տարիներին ՀՆԱ-ի նկատմաաբ ներդրումները 40%-ից իջել են 20%:
«Փոխարենն այսօրվա գնահատականն ասեք, դառնա բազա, բայց ձեր համարձակությունը չի հերիքում ասել այսօրվա իրական վիճակը, իսկ այսօրվա վիճակը համեմատելով հարևան երկրների հետ՝ ընդհանրապես մրցունակ չէ, ոչ մի միջազգային պրոյեկտ չկա: Եթե ՀՀ-ում և բիզնեսը, և կանխիկ գումարը դուրս է հոսում, ինչո՞ւ ուրիշը դրսից պետք է գումար ներդնի»,-հարցրեց նա: Նա օրինակ բերեց հարևան Վրաստանի, Թուրքիայի, Իրանի , նաև Ադրբեջանի ներդումների ու միջազգային պրոյեկտների ներգրավման քայլերը:
«Իսկ մեզ մոտ բիզնեսը փակում են, 1,5 մլրդ դոլար դուրս է թափվում, կանգնացրեք եղածը, հետո զարգացման ծրագրեր ներկայացրեք, ո՞րն է ռազմավարությունը»,-հարցրեց նա: Նիստը վարող ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, թե հարցը մի ամբողջ խորհրդարանական լսումների քննարկման թեմա է: Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարը նշեց, թե իրենք պատրաստ են նման քննարկման: «Այո, մենք պետք է տանք ճիշտ դիագնոստիկա, կառավարությունը հայտարարել է՝ մենք ներկայումս այդ գործընթացի մեջ ենք և հետո արդեն քայլերը կորոշենք: Պատրաստ եմ մանրամասն լսումներ կազմակերպել և քայլ առ քայլ ներկայացնել բոլոր, ներկայումս իրականցվող վերլուծությունները և մանրակրկիտ քննարկել: Մենք խնդիր չունենք, որ համաձակ չենք, որ չքննարկենք ու գնահատենք այն վիճակը, որ կա»,-ասաց նա: