Ադրբեջանին չհաջողվեց հասնել իր բուն նպատակին. “Օղակ” ռազմական գործողության 22-րդ տարելիցն է լրացել
“Օղակ” ռազմական գործողությունը, որը 1991թ․ ապրիլ-մայիս ամիսներին իրականացվել է Ադրբեջանի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) կողմից, ԽՍՀՄ ներքին զորքերի աջակցությամբ, առանձնակի տեղ է զբաղեցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ ոչ միայն իր մասշտաբներով, այլեւ՝ հետեւանքներով։
Ադրբեջանական իշխանությունների եւ ԽՍՀՄ որոշ ղեկավարների հանցավոր համաձայնությամբ իրականացված “Օղակ” գործողության արդյունքում հայաթափվեցին եւ ավերվեցին Հյուսիսային Արցախի, Շահումյանի, Հադրութի եւ Շուշիի շրջանների երկու տասնյակից ավելի գյուղեր։ Այն դադարեցվեց միայն մեկ ամիս անց՝ մայիսին, ԽՍՀՄ ներսում եւ նրա սահմաններից դուրս ստացած լայն արձագանքի եւ դատապարտման շնորհիվ։
Սակայն, պատերազմի թափանիվն արդեն գործի էր դրվել։ Գործողությունը, որն առանձնանում էր դաժանությամբ եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումներով, կտրուկ բարձրացրեց տարածաշրջանում լարվածության մակարդակը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն՝ սկիզբ դնելով ԼՂՀ դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային։
Այնուհանդերձ Ադրբեջանին չհաջողվեց հասնել իր բուն նպատակին՝ ահաբեկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը եւ ճնշել նրա ինքնորոշման օրինական ձգտումը։ Ավելին, “Օղակ” գործողությունը ամրապնդեց Արցախի ժողովրդի վճռականությունը պայքարել իր իրավունքների եւ ազատությունների համար։