24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՂՀ-ի համար նոր հեռանկարներ կբացվեն

Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների մշտական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանի եզրափակիչ փաստաթղթում միաձայն ընդունվել են հայկական կողմի ներկայացրած առաջարկները` ԵԽ համապատասխան կրթական ենթակառուցվածքների եւ ինստիտուտների կողմից ուսումնասիրություններ անցկացնել եւ զբաղվել այն մարդկանց կրթության իրավունքի հետագա ճակատագրով, ովքեր բնակվում են Եվրոպայի տարածաքում, սակայն, դուրս են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սահմաններից:

Համաժողովի վերջնական փաստաթղթում ամրագրվել է կրթության որակը բարելավելու եւ որակյալ կրթություն ստանալու ԵԽ անդամ երկրների քաղաքական կամքը` նպատակ ունենալով կանխել ցանկացած դիսկրիմինացիա, գործընթացից դուրս մնացող մարդկանց, քանի որ վերջիններս ունեն կրթության նույն իրավունքները, ինչ որ համաժողովի դահլիճում նստած նախարարները: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳ  նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

Նկատենք, որ նմանատիպ պետություն է նաեւ ԼՂՀ-ն: Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում այս օրերին ընթանում էր Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների մշտական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում է նաեւ ՀՀ ԿԳ  նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: Համաժողովն այսօր ավարտել է իր աշխատանքները:

ՀՀ ԿԳ  նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, որպես համաժողովի հիմնական բանախոսներից մեկը, իր ելույթում նախ խոսել է կրթության որակի, կրթական ոլորտում կոռուպցիոն ռիսկերի դրսեւորման եւ կրթության կառավարման խնդիրների մասին: Ապա, երկրորդ ելույթում Արմեն Աշոտյանն անդրադարձել է համաժողովի եզրափակիչ փաստաթղթում ներառելու համար Հայաստանի կողմից ներկայացրած առաջարկների հիմնավորումներին:

Աշոտյանը, մասնավորաբար ասել է. “Կրթության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, որը սահմանված է օրենքներով եւ մարդու իրավունքների միջազգային տարատեսակ կոնվենցիաներով: Այդ իրավունքը վերաբերում է կոնկրետ մարդկանց, քաղաքացիներին եւ ոչ թե պետություններին ու այդ իրավունքը երաշխավորված է միջազգային եւ եվրոպական հանրության կողմից: Եվրոպայի կրթական տարածքում “սեւ բծերի” առկայությունը պատիվ չի բերում Եվրոպայի խորհրդին: Խնդիրը բնավ քաղաքական դաշտ չեմ տեղափոխում, թեպետ ես ոչ միայն կրթության նախարար եմ, այլ նաեւ քաղաքական գործիչ: Խնդիրը բարձրաձայնում եմ, մտահոգ լինելով այն հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերով, ովքեր բնակվում են Եվրոպայի տարածքում, սակայն ներկայացված չեն Եվրոպայի անդամ երկրներով”:

Աշոտյանը վկայակոչել է  նաեւ այն իրողությունը, որ “կրթություն առանց խտրականությունների” միջազգային բոլոր փաստաթղթերը վերաբերում են բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց բնակավայրից: Հավելենք, որ կրթության իրավունքը ենթադրում է կրթական որակավորումների փոխճանաչում, որակյալ կրթություն ստանալ, միջազգային կրթական նախաձեռնություններում ինտեգրում, հավասար իրավունքներ եւ հնարավորություններ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ