Վրաստանի պատմության մեջ ներկայում հայ-վրացական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են. Կվիրիկաշվիլի
Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում Բարեկամության կամրջի կառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան, որի գործածումն էլ ավելի կամրապնդի տրանսպորտային համագործակցությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, նշվել է Երեւանում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման ժամանակ:
Կառավարությունից հայտնում են, որ վրաստանի վարչապետը, անդրադառնալով բնական աղետների պատճառով Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրներին, նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարություններն ակտիվ համագործակցում են եւ ջանքեր գործադրում դրանց վերացման ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ զբոսաշրջության եւ կրթության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման շուրջ: Երկուստեք կարեւորվել են տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը:
Հանդիպման ավարտին Գիորգի Կվիրիկաշվիլին գոհունակությամբ նշել է, որ անկախ Վրաստանի պատմության մեջ ներկայում հայ-վրացական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, եւ անհրաժեշտ է շարունակել ջանքերը դրանք ամրապնդելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Վրաստանի վարչապետի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-վրացական բարեկամական հարաբերությունների սերտացման եւ հետագա զարգացման գործում: