Սիրիական կառավարությունը քիմիական զենք է օգտագործել. իսրայելական հետախուզություն
Սիրիական կառավարական զորքերը քիմիական զենք են օգտագործել զինված ապստամբների դեմ եւ ոչ մեկ անգամ, հայտարարել է իսրայելական հետախուզության ներկայացուցիչ, գեներալ Իթայ Բրունը, տեղեկացնում է “Ամերիկայի ձայն”-ը:
Նա պնդում է, որ լուսանկարներ ունի, որոնցում սպանված ապստամբների բերաններից փրփուր է թափվում, իսկ բիբերը լայնացած են, ինչը թունավոր գազից մահացած լինելու դեպքում է լինում: “Որքանով որ ես գիտեմ, դա մահացու քիմիական զենքի օգտագործման հետեւանք է”,-հայտնել է նա:
Հիշեցնենք, որ մարտին սիրիական կառավարական զորքերը եւ ապստամբները միմյանց մեղադրեցին Հալեպ քաղաքի շրջակայքում քիմիական զենք օգտագործելու մեջ:
Ի դեպ, ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, ով գտնվում է Իսրայելում պաշտոնական այցով, նշել է, որ ամերիկյան հետախուզությունը դեռեւս պարզաբանում է` Սիրիայում քիմիական զենք օգտագործվել է, թե` ոչ:
“ԱՄՆ-ը, ինչպես եւ Իսրայելը, արտակարգ իրավիճակների դեպքում տարբեր գործողությունների տարբերակներ ունի, եւ, իհարկե, սիրիական կառավարության կողմից քիմիական զենք կիրառելը կփոխի իրավիճակը եւ կնշանակի կարմիր գծից անցնել”,-հայտարարել է Հեյգելը: