Աստրախանի ծննդատներից մեկում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել՝ 7 կիլոգրամ կշռող փոքրիկ է լույս աշխարհ եկել։ Նրա հասակը 70 սմ է։ Նման քաշ ու հասակ սովորաբար ունենում են 4-5 ամսական երեխաները։ Բժիշկները ժպիտով պատմում են, որ փոքրիկը սայլակում չի տեղավորվում։
Հսկա-տղան 28-ամյա Յուլիայի 4-րդ երեխան է, մյուսներն էլ խոշոր են ծնվել, սակայն ոչ այդքան։ Յուլիայի առաջին որդին, ով հիմա 9 տարեկան է, ծնվել է 5 կգ քաշով, երկրորդ ու երրորդ որդիները՝ 5 եւ 3 տարեկան, 6 կգ են ծնվել։
«Ես ու ամուսինս էլ նիհար չենք, այնպես որ՝ հսկաների ընտանիք ենք։ Բայց փոքրիկը բոլորին անցավ»,- ծիծաղում է մայրիկը։
Երեխան, քաշի պատճառով, կեսարյան հատման միջոցով է ծնվել։ Տղային էլ Կոնստանտին են անվանել։
Նշվում է նաեւ, որ նման քաշով փոքրիկներ, համաձայն վիճակագրությանը, ծնվում են 100 տարին մեկ անգամ։