Գևորգ Սաֆարյանի պաշտպանը նոր պահանջ ունի
Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատարանում կհարցաքննվեն նաեւ նրա հետ Ազատության հրապարակում եղած` «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամները:
Այսօր` հունիսի 1-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց այս մասին Գեւորգ Սաֆարյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը:
Պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ թեև բոլոր այնտեղ եղած անձինք նախաքննության ընթացքում հարցաքննվել են, սակայն որպես վկա չեն ներգրավվել գործում:
«Գործով 13 վկա կա, տասը ոստիկան են, երեքը` ստորգետնյա կանգառի աշխատակցիներ, որոնք ոչ մեկին չեն ճանաչում: Հարցաքննվել են քաղաքացիներ, որ ականատես են եղել, անգամ մասնակցել են բոլոր գործողություններին, բայց որպես վկա չեն ներգրավված: Այն անձինք, որ էական ցուցմունք են տվել, չեն ընդգրկվել վկաների ցանկում»,- նշեց փաստաբանը:
Գեւորգ Սաֆարյանն էլ հայտարարեց, որ դա ապացուցում է, որ իր դեմ մեղադրանքը կեղծ է:
Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:
Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: