«Արցախփոստ»-ը նոր նամականիշեր է թողարկել /ֆոտո/
«Արցախփոստ»-ի նամականիշերի ծրագրով արդեն անցած տարվանից հատուկ թողարկվում են Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված նամականիշեր:
Այդ մասին «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Գարիկ Գրիգորյանը տեղեկացրել է «Արցախպրես»-ին:
Վերջինս նշել է, որ արդեն թողարկվել են Արցախի հերոսներ` Աշոտ Ղուլյանին (Բեկոր) և Յուրա Պողոսյանին նվիրված դրոշմանիշեր, իսկ այս տարվա ընթացքում կթողարկվեն Մոնթե Մելքոնյանին և Շահեն Մեղրյանին նվիրված դրոշմանիշերը:
Տնօրենի հաղորդմամբ` «Արցախփոստ»-ն ի տարբերություն աշխարհի մյուս չճանաչված պետությունների փոստային ծառայությունների, մշտապես մասնակցում է Եվրոպական փոստային օպերատորների ասոցիացիայի` ՊոստԵվրոպայի «Եվրոպա» նամականիշերի ամենամյա մրցույթին:
Յուրաքանչյուր տարի նամականիշի համար ընտրվում է մեկ ընդհանուր թեմա և անց է կացվում թողարկված նամականիշերի մրցույթ:
Գ. Գրիգորյանի խոսքով` «Եվրոպա-2016»-ի` Մտածիր ինչպես կանաչները» թեմայով նամականիշի մրցույթին «Արցախփոստ»-ն արդեն ներկայացրել է երկու նամականիշ` մեկն ընդհանուր թեմայի շուրջ, մյուսն` արցախյան:
Բացի այդ ընկերությունն ամեն տարի թողարկում է Արցախի ֆլորան և ֆաունան, ինչպես նաև կարմիր գրքում գրանցված կենդանիները ներկայացնող դրոշմանիշեր: Այս տարի այդ թեմայով դրոշմանիշերն արդեն թողարկվել են: Գործադիր տնօրենի հավաստմամբ «Արցախփոստ»-ի նամականիշերը աշխարհի շատ երկրներում մեծ պահանջարկ են վայելում և մշտապես արժանանում են միջազգային ֆիլատելիստական կազմակերպությունների բարձր գնահատականներին: