Հավատալ, թե չէ
ԱԺ-ում շարունակում են քննարկել Վերահսկիչ պալատի 2105 թվականի հաշվետվությունը, որը ներկայացնում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց Իշխան Զաքարյանին. «2013 թվականին հաշվետվությունը 61 էջից էր կազմված, 2014 թվականին՝ 34 էջից, իսկ 2015 թվականինը՝ 25 էջից: Ծավալների նվազումը պայմանավորված է մեր հաստատած ծրագրի ռազմավարական ու մարտավարական փոփոխությունների՞ց: Ինչպես նաև, ցանկացած ոլորտ, որը Դուք նախորդ տարիներին ստուգել եք, կարո՞ղ եք վստահեցնել, որ այդ ոլորտներում իրավիճակի դրական փոփոխություն կա և նպաստել եք ոլորտի զարգացմանը»:
Իշխան Զաքարյանը շեշտեց՝ ՎՊ-ի համար կարևորագույն չափանիշը վերահսկողության ավարտից հետո կազմված ընթացիկ հաշվետվությունն է, որն ավարտելուց հետո տեղադրվել է ՎՊ կայքէջում:
«Կարծում եմ՝ հաջորդ տարվա հաշվետվությունն էլի է նվազելու, որովհետև մենք մոտենում ենք Ինտոսայի սկզբունքին, իսկ Ինտոսայի սկզբունքները չեն պարտադրում կամ ենթադրում, որ տարվա ընթացիկ հաշվետվությունները հավաքվեն և մեկ փաթեթով ներկայացվեն որպես տարեկան հաշվետվություն: Ընթացիկ հաշվետվությունները 2015 թվականին 23-ն են եղել, ինչը կդառնար 1400 էջից ավելի` չհաշված միջանկյալ հաշվետվությունները»,- ընդգծեց Զաքարյանը:
Իշխան Զաքարյանը հայտարարեց՝ կան ոլորտներ, որոնցում դրական տեղաշարժ կա, և, ըստ այդմ, խախտումների դինամիկան նվազել է: «Խախտումների դինամիկա չենք տեսնում հատկապես այն ոլորտներում, որտեղ մենք մի քանի տարի շարունակ վերահսկողություն ենք իրականացրել»,-ընդգծեց Իշխան Զաքարյանը: