Վարչապետն Արցախում մասնակցել է եռատոնին նվիրված միջոցառումներին /ֆոտո/
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
ՀՀ վարչապետն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:
Այնուհետև ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի և Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին՝ հարգելով նրանց հիշատակը:
Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ մայիսյան հաղթանակների արդյունքում էլ ավելի է ամրապնդվել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: «Ցանկանում եմ շնորհավորել ողջ հայ ժողովրդին եռատոնի առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ: Մենք պետք է միշտ լինենք համախմբված, արդյունքում անպայման կունենանք նման հաղթանակներ: Ուստի ամեն ինչ պետք է անենք՝ ամրապնդելու մեր եռամիասնությունը»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ հայ ժողովրդի համախմբումն ու վճռականությունը ևս մեկ անգամ խաղաղություն պարտադրեց մեր հակառակորդին: