Նախագահականից` արտգործնախարար. Հրապարակ
Մոսկվայից եւ Բրյուսելից վերադարձած Սերժ Սարգսյանն արդեն իսկ ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձեւավորման աշխատանքներին: Թերթի տեղեկություններով, Գորիկ Հակոբյանն առողջական խնդիրներ ունի, սակայն ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չեն միացվելու: Հետաքրքիր փոփոխություն է սպասվում արտաքին գործերի նախարարությունում. ըստ թերթի աղբյուրների` Էդվարդ Նալբանդյանը կրկին կվերադառնա Փարիզ, որպես դեսպան:
Նրա աշխատանքից գոհ են, սակայն Նալբանդյանն ինքն է ուզում այդպես, որովհետեւ շատ է սիրում Փարիզը: Չնայած Ֆրանսիայի դեսպանի պաշտոնի վրա աչք ուներ երբեմնի կոալիցիոն անդամ կուսակցություններից մեկը, ինչն էլ հասկանալի պատճառով չիրականացավ:
Ինչ վերաբերում է ԱԳ նախարարին, ապա թերթի աղբյուրները նշում են, որ այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Չնայած լուր տարածվեց, թե արձակուրդ գնացած Վիգեն Սարգսյանին պաշտոնաթող են անելու, սակայն պարզվում է, որ նա պատրաստվում է երրորդ երեխան ունենալ, ուստի ամռանը չէր կարող արձակուրդ գնալ, դրա համար հիմա է մեկնել եւ, բացի այդ, արձակուրդից վերադառնալով` նա փոխարինելու է էդվարդ Նալբանդյանին: