Շեւարդնաձեն պահանջում է Սաակաշվիլիի հրաժարականը
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հայտարարել է, որ ինքը գործող նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին այլեւս ազդեցիկ քաղաքական գործիչ ի համարում: Այդ իսկ պատճառով նա կոչ է արել նախագահին հրաժարական տալ, գրում է “Взгляд”-ը:
“Հավաստիացնում եմ ձեզ, Սաակաշվիլին արդեն այն գործիչը չէ, ով կարող է ազդել երկրի քաղաքական կուրսի վրա: Ես բազմիցս ասել եմ, որ չեմ ցանկանում խոսել նրա մասին, սակայն նրան եւս մեկ խորհուրդ կտամ. բավական է, որքան վերափոխեցիր ողջ երկիրը: Գուցե մտածես եւ հեռանաս”,-հայտարարել է Շեւարդնաձեն, ով փետրվարի վերջին առաջարկել է հատուկ խորհրդարանական հանձնախումբ ստեղծել, որը կզբաղվի Սաակաշվիլիի գործած հանցագործությունների հետաքննությամբ:
Նշենք որ նախկինում Շեւարդնաձեն “ժողովրդի առջեւ իր ամենամեծ մեղքն” էր անվանել իշխանությունը Սաակաշվիլիին հանձնելը: “2003-ի նոյեմբերին` Վարդերի հեղափոխության ժամանակ, ես այլընտրանք չունեի, քան վաղաժամ հրաժարական տալը, սակայն ես պատրաստ եմ հազար անգամ ներողություն հայցել ժողովրդից, որ իշխանությունը հանձնել եմ Սաակաշվիլիին: Ես ընդունում եմ իմ սխալը”,-խոստովանել է Շեւարդնաձեն` միաժամանակ նշելով, որ իր կամքով Սաակաշվիլին չի հեռանա: