«Հայաստանը կարող է հարթակ դառնալ ցեղասպանության հանցագործությանն առերեսվող մարդկանց, խմբերի, ժողովուրդների համար»
«Բոլորս հիշում եք՝ անցյալ տարի մենք շատ էինք քննարկում այն հարցը, թե ինչպես շարունակելի դարձնել այն ներուժը, որը կուտակվել էր: Այնպես ստացվեց, որ Գլոբոլ ֆորումի մասնակիցները մեզ սկսեցին կոչ անել մտածել այն մասին, որ Հայաստանը կարող է հարթակ դառնալ ցեղասպանության հանցագործությանն առերեսվող մարդկանց, խմբերի, ժողովուրդների համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային երկրորդ ֆորումին:
Հիշեցնենք՝ ֆորումը տեղի է ունենալու վաղը՝ ապրիլի 23-ին, Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Վիգեն Սարգսյանն ընդգծեց՝ այս տարի ֆորումի ուշադրության կենտրոնում լինելու են փախստականները: Ֆորումի ընթացում անդրադարձ կկատարվի նաև մերօրյա ցեղասպանություններին ու այն անմեղ մարդկանց, ովքեր տուժում են այդ ողբերգական դեպքերից: «Վերջին մեկ տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով, որոնցից, թերևս, երկուսը հարկ է առանձնացնել. ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ը հռչակեց ցեղասպանությունների զոհերի հիշատակման օր, իսկ երկրորդ մեծագույն նվաճումը ցեղասպանագետների հետ տարված մեծածավալ ու արդյունավետ աշխատանքներն են: Մենք դադարեցինք Հայոց ցեղասպանության վերաբերել որպես ողբերգության», – ընդգծեց Վիգեն Սարգսյանը։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հիշեցրեց՝ որ այս տարի Երևանում կանցկացվի «Ավրորա» մրցանակաբաշխությունը: Դրա նպատակն է ցեղասպանության հանցագործության վերապրողների իրավունքները պաշտպանել պաշտպանության միջազգային հարթակներում: