“Ժառանգությունն” առեւտուր չի անում. ինչ “ստվերային” կառավարության մասին է խոսքը
“Մարդիկ բավականին մեծ երեւակայություն ունեն եւ ինքնուրույն ցուցակներ են կազմում: Սա ուշադրությունը շեղելու համար է: Ստվերային կառավարություն չկա եւ նման ոչ մի որոշում չկա”:
Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց “Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով կայքերում հայտնված տեղեկությունն այն մասին, որ “Ժառանգությունն” արդեն ունի ստվերային կառավարության ցուցակ: Նշենք, որ այդ ցուցակում անուններով նշված էր` ովքեր ինչ պաշտոններ են զբաղեցնելու:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք առեւտրի մեջ չեն մտնի եւ որեւէ պաշտոնի վերաբերյալ առաջարկների չեն սպասում: “Որեւէ պաշտոն չենք ակնկալում: Կա խնդիր, որը պետք է լուծվի երկխոսության միջոցով”,-ասաց նա:
Ինչ վերաբերում է “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի` ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մանդատները վայր դնելու առաջարկին, “Ժառանգության” ներկայացուցիչը նկատեց. “Եթե վայր դնեն մանդատները, ապա դա արտահերթ ընտրությունների հետ կապված իրավիճակը կարագացնի եւ կհեշտացնի”: