Նախարարը նախկին ուսանողին ՍԴ-ում էլ է ”դաս տալիս”

Ընտրությունների արդյունքներով երկրորդ հորիզոնականն զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ուսանողն է եղել:
‘’Գլաձոր’’ կառավարման համալսարանում Հրայր Թովմասյանը Կարեն Մեժլումյանին սահմանադրական իրավունք է դասավանդել: Նախարարն ի դեպ, նույն բուհի Միջազգային իրավունքի ֆակուլտետի շրջանավարտ է:
Դասախոսն ու նախկին ուսանողն այսօր Սահմանադրական դատարանում հանդես են գալիս հակառակ ‘’ճամբարներում’’: Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը ներկայացնում է փաստաբան Կարեն Մեժլումյանը, իսկ Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչներից մեկը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն է:
Henaran.am-ն այսօր ՍԴ-ում Կարեն Մեժլումյանից փորձել է պարզել, այս հանգամանքն իրեն չի ՞ կաշկանդում: ‘’Չէ, չէ, որպես մասնագետներ ենք հանդես գալիս: Նման խնդիր չկա, ընդհակառակը’’,-մեր հարցին արձագանքեց փաստաբանը:
Կարեն Մեժլումյանն ասաց, որ առիթներ ունեցել է իր փաստաբան ընկերների հետ տարբեր գործերի շրջանակներում ներկայացնել տարբեր կողմերի շահեր: Սա էլ, նրա խոսքով, նույն բանն է, միայն այն տարբերությամբ, որ նախկին դասախոսի հետ նախկին ուսանողը դատարանում առաջին անգամ է հանդիպում:
Նշենք, որ երեկվա նիստին փաստաբան Կարեն Մեժլումյանը դիմումի շուրջ բացատրությունները ներկայացնելուց հետո, ըստ ընթացակարգի` պատասխանեց նաեւ Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Հրայր Թովմասյանի հարցերին: Նկատենք նաեւ, որ Հրայր Թովմասյանը երեկ ներկայացված դիմումը ”շատ թույլ” եւ փաստական հիմքերից զուրկ գնահատեց:
Իսկ Հրայր Թովմասյանը Henaran.am-ի դիտարկմանը ի պատասխան, թե այսօր իր ուսանողի հետ ՍԴ-ում հակառակ ”ճամբարներում” է, ասաց, որ այդ թեմայի շուրջ պատրաստվում է վաղը ելույթ ունենալ: ”Ես ճամբար չեմ անվանի, պարզապես վեճի առարկայի նկատմամբ տարբեր տեսակետներ ունենք եւ ուրախ եմ, որ իմ ուսանողը կարողանում է նման կերպ ներկայացնել”,-ասաց նա:
իսկ պարոն Թովմասյանի գնահատականը Կարեն Մեժլումյանի բերած դիմումին, դասախոսի գնահատակա՞ն էր: Մեր այս հարցին Հրայր Թովմասյանն ասաց.”Դա այս դեպքում իրավաբանի գնահատական էր եւ կապ չունի, դասախոս էր, ինչ էր: ”: