Սպասում և հավատում եմ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին. Գոռ Վարդանյան
Դերասան Գոռ Վարդանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքը սպասում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականին:
”Սիրելի Ֆեյսբուքյան ընկերներ, երկրպագուներ և մարդիկ, ովքեր պարզապես հետևում են իմ գործունեությանը.
Շնորհակալություն Ձեզ ինձ աջակցելու, գնահատելու, նաև քննադատելու համար, քանզի հեռու եմ այն մտքից, որ կատարյալ է ամեն ինչ:
Ձեզ դիմելու պատճառը, թերևս այն է, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում իմ գրառումները, հավանությունները և տարածումները տարբեր արձագանքներ են գտնում: Ես մշտապես հավանություն եմ տալիս Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի և գործունեության վերաբերյալ տարբեր կայքերում զետեղված նյութերին:
Իմ ֆեյսբուքյան ընկերներից մեկի գրառումը, այն է` “Ձեզ շատ եմ հարգում և սիրում, բայց հերիք է ակնկալեք Քոչարյանի վերադարձը”, ինձ ստիպեց անել այս գրառումը` այո, ես սպասում և հավատում եմ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, այդ մասին միշտ ասել եմ տարբեր հարցազրույցների ժամանակ: Երբեք չեմ թաքցրել իմ կարծիքը, չեմ վախեցել ոչ մեկից և հավատում եմ խոսքի ազատության վերաբերյալ գործող նախագահի դիրքորոշմանը: Ինչու եմ համակրում Ռոբերտ Քոչարյանին. գիտեք, դա տեսակի խնդիր է, երբ այդ մեծության քաղաքական գործիչը, իր ուսերին ունենալով պետականության կայացման ծանր պարտավորությունը, մշտապես հետևում է իր մարզական կեցվածքին, կոչ է անում առողջ ապրելակերպ, դա ինձ համար ողջունելի է, որովհետև առաջնորդը ճաշակ, կենցաղ, ապրելակերպ է ձևավորում: Պատահական չէ, որ մարդը ղեկավարել է ամբողջ Արցախյան պատերազմը և ցուցաբերած անկոտրում կամքի, համառության ու ռազմական գիտելիքների արդյունքում ունենք հաղթանակած պատերազմ: Ես բնավ չեմ ցանկանում արժեզրկել մեր բազմաթիվ հերոսների լուման, սակայն երբ նկարահանում էի ”Ճակատագիր” ֆիլմը և զրուցում հասարակ մարդկանց հետ, ամեն անգամ Ռոբերտ Քոչարյանի բնավորության նոր գծեր էին ինձ համար ի հայտ գալիս: Հավատացեք, իրոք, շատ կարևոր է պատերազմական իրավիճակում ունենալ սառնասիրտ, ուժեղ և հայրենասեր առաջնորդ: 1990-ականնների սկզբից մասնագիտության բերումով գտնվել եմ Հայաստանում և Արցախում կատարվող իրադարձությունների կիզակետում և ականատես եմ եղել գրեթե բոլոր կարևոր որոշումների իրականացման գործընթացին: Ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը այն հայն է, այն քաղաքական գործիչն է ով այսօր շատ կարևոր դերակատարում կարող է ունենալ ստեղծված իրավիճակից մեր պետությունը դուրս բերելու գործում, ցավոք ես յուրաքանչյուր օր տեսնում ու լսում եմ նոր արտագաղթած հայ ընտանիքի մասին: Եկեք չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանը ունեցավ տնտեսական մեծ աճ: Ես տնտեսագետ չեմ, բայց չեմ կարող չտեսնել Երևան քաղաքում և, ընդհանրապես, ամբողջ Հայաստանում կատարված շինարարական մեծ աշխատանքները, նոր բացված ձեռնարկություններն ու գործարանները: Անկեղծորեն խոստովանեմ, որ ինձ համար մարդու գնահատման չափանիշը նրա ընտանիքն է, իսկ ընտանիքը պետության հիմքն է: Ես շատ լավ եմ ճանաչում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներին և հպարտ եմ, որ հայկական ավանդույթները գերիշխում է այդ ընտանիքում: Կոչ եմ անում` լինել սթափ, չնկնել տարբեր խաբեությունների ազդեցության տակ: Ես համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր ինձ հետ համամիտ չեն, ուղղակի ունեն տեղեկատվության պակաս:
Բոլորիս երազանքն է ունենալ հզոր, արդար, անվտանգ Հայաստան”,-գրել է նա: