24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Միջազգային մամուլը՝ Արցախյան հակամարտության սրման մասին

Ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանին սանձազերծեց մասշտաբային ռազմական գործողություններ` օգտագործելով համազարկային կայանքներ, զրահատեխնիկա, ավիացիա, հրետանի, հարվածելով ոչ միայն հայ դիրքապահների ուղղությամբ, այլեւ բնակավայրերի:

Ստանալով արժանի պատասխան ու կրելով հսկայական մարդկային ու նյութական  կորուստներ` Ադրբեջանը 4 օր շարունակում էր սրված պահել իրավիճակը հակամարտության գոտում` չխորշելով այդ ընթացքում անհեթեթ ու հակասական ապատեղեկատվություն տարածելուց: Այդ տեղեկատվությունները էականորեն հակասում էին ԼՂՀ և ՀՀ պաշտպանական գերատեսչությունների տարածած տեղեկություններին:

Մենք որոշեցինք իմի բերել դեպքերի լուսաբանումը միջազգային առաջատար մամուլում:

Միջազգային

Մասնավորապես`առաջինը միջազգային լրատվամիջոցներին ռազմական գործողությունների սկսման մասին տեղեկացրեց Associated Press-ը: Դրանից հետո արձագանքեցին ABC News-ը եւ The Washington Post-ը: Առաջինը, վկայակոչելով ԼՂՀ մամուլի ծառայությունը, հայտնեց, որ Ադրբեջանը կործանիչներ եւ ծանր սպառազինություն է օգտագործում Լեռնային Ղարաբաղ ներխուժելու համար: Միեւնույն ժամանակ, լրատվականը, մեջբերում է ադրբեջանական ՊՆ խոսնակի ասածները, թե իբր ամեն ինչ սկսվել է հայկական կողմից հրետանու օգտագործումից հետո: The Washington Post-ը, նույն աղբյուրներին հղվելով, ընդգծում է հայկական կողմից խոցված ադրբեջանական ուղղաթիռի մասին, ինչը, սակայն, հերքվում է Ադրբեջանի ՊՆ խոսնակի կողմից (ավելի ուշ ԼՂՀ ուժերը եւս մեկ ուղղաթիռ են խոցում եւ հրապարակում լուսանկարներ եւ տեսանյութեր` փաստը ապացուցելու համար):

Հեղինակավոր բրիտանական BBC-ն, մեջբերելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչը, ուղղված ղարաբաղյան հակամարտության կողմերին, թե պետք է վերջ տալ ռազմական գործողություններին, անդրադարձել է նաեւ հակամարտության պատմությանը եւ 1990-ականների սկզբին տեղի ունեցած պատերազմին:

Բոլոր միջազգային լրատվականներից ամենաառաջինը Euronews-ն է կադրեր հրապարել մարտական գործողությունների վայրից` հայտնելով ադրբեջանական ոչ միայն ուղղաթիռի, այլ տանկերի խոցման մասին:

Բացառիկ էր CNN-ի ուղիղ եթերում  Ադրբեջանի եւ ԼՂՀ արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Կարեն Միրզոյանի  մասնակցությամբ ուղիղ հեռարձակումը, որտեղ, փաստացի, Արցախը ներկայացվեց որպես հակամարտության կողմ, իսկ Ադրբեջանի գլխավոր դիվանագետը սկսեց խճճվել իր իսկ կողմից հորջորջվող ապատեղեկատվությունների մեջ:

Տարածաշրջանային

Արաբական միջազգային Al Jazeera հեռուստաընկերությունը նախ հոդված հրապարակեց ռազմական գործողությունների մասին` նշելով, որ հակամարտության կողմերը միմյանց մեղադրում են ռազմական գործողություններ հրահրելու մեջ, այնուհետեւ ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձավ ընդարձակ ռեպորտաժով, որում նշվեց, որ ապրիլի երկուսին ռազմական գործողությունները սանձազերծել է Ադրբեջանը:

Վրացական առաջին հեռուստաընկերությունն ապրիլ երկուսին անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանը, ներկայացրել է ԼՂՀ եւ Ադրբեջանի տարածած պաշտոնական տեղեկատվությունը:

Ռուսական

Ռուսական լրատվամիջոցները, հատկապես լրատվական կայքերը (Gazeta.ru. Lenta.ru. Tass.ru. Ria.ru), հակամարտության` Ադրբեջանի սանձազերծած սրացման մասին հայտնում էին` հղում կատարելով հայկական աղբյուրներին, մասնավորապես` ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությանը:

Միայն ժամեր անց, երբ իր ապատեղեկատվությունը սկսեց տարածել հակառակորդը, ռուսական լրատվամիջոցների նշանակալի մասը լծվեց ադրբեջանական ստահոդ քարոզչության տարածմանը: Մասնավորապես, այնպիսի ճանաչում վայելող կայքեր, ինչպիսին է, օրինակ, Lenta-ն, իրենց այսպես կոչված թոփ նյութերում տեղադրում էին Ադրբեջանի քարոչզամեքենայի նկարած թվերը: Ընդհանրապես` կարդալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրման օրերի ռուսական մամուլը, անհնար է որեւէ կերպ ենթադրել անգամ, որ խոսքը գնում է դաշնակից երկրի լրատվամիջոցի մասին: Ռուսական կողմի այս տեսակ «սառնությունը» նույնքան հարցեր է առաջացնում, ինչքան այն փաստը, որ հակառակորդը հայկական ուժերին հարվածում է ՌԴ-ից գնված, կարելի ասել ծանր զենքերով (օրինակ` TOC 1 և «Սմերչ»):

Վահե Ղուկասյան
«Իրազեկ
քաղաքացիների միավորում»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ