Յոթանոց` “կարմիր քարտ” Օբամային /վիդեո, ֆոտո/
Այսօր` մարտի 4-ին ՀՀ ԱՄՆ դեսպանատան առջեւ մի խումբ քաղաքացիական ակտվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք “կարմիր քարտ” են ցույց տալիս Բարաք Օբամային: Իսկ պատճառն այն է, որ ԱՄՆ նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահ վերընտրվելու առիթով:
Բողոքավորներին դեսպանատան շենքի առաջ հանդիպեց Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատարը, որին հանձնվեց նախապես պատրաստված նամակը: Փոխդեսպանը խոստացավ նամակը հասցնել ԱՄՆ կառավարությանը:
Երիտասարդները պաշտոնյային խնդրեցին չշտապել մտնել շենք, այլ մասնակցել բողոքի ակցիային, որպեսզի մանրամասն տեղեկանան, թե ինչ է կատարվել փետրվարի 18-ին: Նրանց խոսքով` Սերժ Սարգսայնն արդեն 2-րդ անգամ ինքն իրեն հռչակում է նախագահ, ինչը վնասում է Հայասատանի ժողովրդավարությանը:
Բողոքավորները գտնում են, որ գերտերությունները շտապել են շնորհավորել ՀՀ նախագահին: “Օրինակ` գուցե հրաշքով Սահմանադրական դատարանը անվավեր ճանաչի ընտրության արդյունքները, բա էդ շնորհավորողները ինչ են անելու”,-Henaran.am-ին ասաց Համբարձում Համբարձումյանը:
“Ձեր նախագահը պետք է հարցնի հայ ժողովրդին, ում է պետք շնորհավորել” անգլերենով այս կոչի ներքո հավաքվածների թիվը չէր անցնում յոթ հոգին: Լրատվամիջոցների ներկայացուցիչներն ավելի շատ էին, քան ակցիայի մասնակիցները:
Լրագրողների հետ զրույցում ակտիվիստները նշեցին, որ ակցիան ինքնաբուխ էր, հատուկ կազմակերպված չէր, որ բոլորը տեղեկացված էին “Ֆեյսբուքով”:
Մեկը հարցնի`յոթ հոգով հայ ժողովրդի անունից ո՞նց եք հայտարարություն անում :