29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հրազդանի քաղաքապետը դիմել է գլխավոր դատախազություն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ընտրական շտաբը գրավոր դիմել է Գլխավոր դատախազություն՝ կապված քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի կողմից մարտի 21-ին Հրազդան քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցներ այցելությունների հետ:

Արամ Դանիելյանի ընտրական շտաբի դիմումում մասնավորապես ասվում է. «Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը մարտի 21-ին այցելել է Հրազդան քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցներ՝ փորձելով ճնշումներ գործադրել կրթական հաստատությունների ղեկավարների վրա և նրանց ներքաշել նախընտրական գործընթացների մեջ: Այցելության փաստը հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում: Ավելին, Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի ապօրինի գործունեության առաջին իսկ ահազանգից հետո մեր շտաբի լրատվության պատասխանատուների կողմից տեսալուսանկարահանվել են նրա այցելությունները:

Նիկոլ Փաշինյանը հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատանքային ժամերին որպես շտաբի պետ այցելելով դպրոցներ՝ փորձել է իրականացնել քարոզչական և քաղաքական գործունեություն: Ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չունեն որևէ ուղղակի առնչություն ընտրությունների կազմակերպման հետ: Նման գործառույթ վերապահված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական թեմայով արդեն հանդիպում ունեցել էր Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ, որի մասին վկայում է նաև Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը: Ավելին, ըստ մամուլի տեղեկությունների՝ ընտրությունների կազմակերպման հարցերով նա հանդիպել էր նաև տարբեր պաշտոնատար անձանց հետ: Այսքանով հանդերձ, մեղմ ասած, անհասկանալի է Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի երեկվա շրջագայությունը պետական ուսումնական հաստատություններ, որոնց կանոնադրական նպատակների մեջ չի մտնում ընտրությունների կազմակերպման հետ կապված որևէ գործառույթ:

Նիկոլ Փաշինյանը ակնառու խախտել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի, «ՀՀ ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 8-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման պահանջները: Առաջարկում ենք ուսումնասիրել ներկայացված փաստերը և խնդրում միջոցներ ձեռնարկել Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրոթյան պահաջները խախտած անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման օրինազանցությունները բացառելու համար»:

Հիշեցնենք. այսօր առավոտյան ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին:

ԱԱԾ տնօրենին ուղղված Փաշինյանի նամակում ասված է.

«Պարոն Կուտոյան.

Ս/թ. մարտի 21-ին Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբի անունից հայտարարություն է տարածվել (http://www.aravot.am/2016/03/21/669707/), որին կցված է նաև youtube սոցիալական ցանցի հղում, որտեղ տեղադրված է եղել 01.52 րոպեանոց մի տեսանյութ:

Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ ինչ-որ անձինք ս/թ մարտի 21-ին Հրազդան քաղաքում գաղտնի հետևել են ինձ, գաղտնի տեսանկարահանել, ինչը առերևույթ պարունակում է օպերատիվ-հետախուզական գործունեության հատկանիշներ:

Հաշվի առնելով, որ՝

– «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի երրորդ կետը արգելում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը օրենքով չլիազորված պետական մարմինների, ստորաբաժանումների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից,

– Տեսանյութը ստորագրված չէ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու լիազորություն ունեցող որևէ պետական մարմնի կողմից,

– Տեսանյութը առերևույթ կարող է պարունակել ՀՀ բարձրաստիճան անձ հանդիսացող անձի՝ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանցագործություն նախապատրաստելու ապացույցներ,

– Տեսանյութը առերևույթ կարող է պարունակել Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի և քաղաքապետարանի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներ՝

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ը) կետի, 7-րդ հոդվածի բ) կետի համաձայն ակնկալում եմ ստանալ հետևյալ հարցերի պատասխանը.

1. Ովքե՞ր են հետևել ինձ և ինչու՞ են դա արել գաղտնի:
2. Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք:
3. Ո՞ւմ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետևումը:
4. Արդյո՞ք Հրազդանում, կամ Երևանում իմ տեղաշարժերին հետևում են, եթե այո՝ ովքե՞ր են հետևող անձինք, ո՞ւմ հանձնարարությամբ և ի՞նչ նպատակով են դա իրականացնում:

Ակնկալում եմ, որ սույն գրությունը համարեք նաև հաղորդում հանցագործության մասին: Կից ներկայացնում են նաև խնդրո առարկա տեսանյութը՝ CD սկավառակի վրա:
Կանխավ շնորհակալություն»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ