26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյուղմթերքի իրացման հարցը Սյունիքում մնում է գերխնդիր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այցով Սյունիքում էր: Մարզկենտրոնում նախարարն անցկացրել է  խորհրդակցություն գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնակին ընդառաջ ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Նարիմանյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը,  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, գյուղատնտեսներ, համայնքապետեր և ոլորտի այլ պատասխանատուներ:

«2015 թվականի տարեկան արդյունքներով  մեր երկրի գյուղատնտեսական համախառն արտադրանքի մոտ 7 տոկոսն ապահովել է  Սյունիքի մարզը, ինչը զգալի ներդրում է: Նախորդ տարի մարզում շուրջ 1500 հեկտար լրացուցիչ հող է մշակվել, 700 հեկտարով ավելացել են աշնանացանի ցանքատարածությունները: Բոլոր նախադրյալներն առկա են, որպեսզի այս տարի նույնպես մարզը բարձր ցուցանիշներ  ապահովի: Համոզված եմ, որ համատեղ ուժերով մենք նոր ձեռքբերումներ ենք ունենալու», – ամփոփելով անցյալ տարվա ցուցանիշները` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Անդրադառնալով «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրին` նախարարը նշել է, որ առաջին ծրագրում նախատեսված 10 համայնքի փոխարեն մարզից ընդգրկվել է 14 համայնք, երկրորդ ծրագրի մեջ արդեն ներգրավված է 20 համայնք: Այս ծրագրի շնորհիվ մարզում ավելացել է անասնագլխաքանակը, մթերատվությունը, բարելավվել են ջրարբիացման համակարգերը:

Նախարարը տեղեկացրել է, որ պարարտանյութերի, դիզվառելիքի, սերմերի տրամադրման պետական աջակցության ծրագրերի շրջանակում մարզերի պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է. դրանք արդեն իսկ ներկրվել են և առաջին իսկ պահանջի դեպքում կտրամադրվեն հողօգտագործողներին: Բացի այդ, մարտի 9-ից սկսվել է նաև գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկերի տրամադրումը, և ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի» մասնաճյուղերին:
Նախարարն իր խոսքում առանձնակի կարևորել է նաև մարզում կոոպերատիվների շարժման խթանումը:

«Կոոպերատիվները մեր գյուղատնտեսության զարգացման ապագան են, եվրոպական զարգացած երկրներում դրանք հարյուրամյակների պատմություն ունեն և այսօր ապահովում են գյուղատնտեսական համախառն արտադրանքի գերակշիռ մասը: Կոոպերատիվների մեջ միավորվելով` մեր փոքր գյուղացիական տնտեսությունները կարողանալու են կրճատել իրենց ծախսերը, դյուրացնել ապրանքների իրացման խնդիրները, շահավետ գներով վաճառել ստացված արտադրանքը, ինչն էլ կհանգեցնի եկամուտների ավելացմանը», – իր խոսքում ընդգծել է Սերգո Կարապետյանը:

Նախարարը հավելել է, որ «CARMAC 2» ծրագրով նախատեսվում է ստեղծել   ևս 100 կոոպերատիվ, արդեն իսկ 150 կոոպերատիվներ գործում են, որոնք բավականին լավ արդյունքներ են ապահովում:Կոոպերատիվների զարգացմանն են ուղղված նաև Եվրամիության «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացում» («ENPARD») ծրագիրը, Ավստրիայի զարգացման գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող մի շարք ծրագրեր:

Անդրադառնալով մարզի խնդիրներին` նախարարը հատկապես կարևորել է գյուղմթերքի իրացման խնդիրը` հավելելով, որ մսի իրացման հարցը լուծելու նպատակով նախատեսվում է մարզում կառուցել խոշոր սպանդանոց, առաջիկայում Կապանում շահագործման կհանձնվի նոր վերամշակող գործարան:

Իր հերթին Վլադիմիր Նարիմանյանն անդրադարձել է ոռոգմանն առնչվող հարցերին` ընդգծելով, որ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ համակարգը կարգի բերելու և ապրիլի 1-ից ջրամատակարարումը սկսելու նպատակով:

Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել Սառնակունք համայնքի ֆերմեր Սուրեն Վարդանյանը և Արծվանիկ համայնքի ղեկավար, ֆերմեր Անուշավան Հարությունյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների և ագրովերամշակման ոլորտի ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Ակներ համայնք, որտեղ հանդիպում է ունեցել տեղի կոոպերատիվի անդամների հետ, որը ստեղծվել է շուրջ 4 տարի առաջ:  Նրանք նախարարի հետ զրույցում նշել են, որ  գոհ են կոոպերատիվի գործունեությանից և տեսնելով  այդ արդյունքները`  համայնքի բնակիչներից շատերը նույնպես անդամագրվելու ցանկություն են հայտնել: Ակների կոոպերատիվն  այժմ ունի 131 անդամ: Նախարարը շեշտել է, որ այսուհետ պետական աջակցության ծրագրերն ուղղվելու են գյուղատնտեսական կոոպերատիվների հզորացմանն ու զարգացմանը:

Նախարարի հաջորդ կանգառը Հարթաշեն համայնքում էր, որտեղ  նա մասնակցել է նորաստեղծ կոոպերատիվի հիմնադիր ժողովին:

Այցի ավարտին նախարարը եղել է նաև Տեղ համայնքի կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Արարատ Բաբաջանյան» ընկերությունում: Այն հիմնադրվել է 2011թ-ին, հիմնական արտադրատեսակը Չանախ տեսակի պանիրն է, որն  իրացվում է ներքին շուկայում: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  ընկերությունը կներառվի տեղի կոոպերատիվի կազմում, և «CARMAC 2» ծրագրով կտրամադրվեն նոր սարքավորումներ, ինչը կլուծի համայնքի կաթի իրացման խնդիրը և  հնարավորություն կտա ընդլայնել արտադրվող պանրի տեսականին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ