23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Օզվերին է պետք խմել»

Հավակնորդների մրցաշարից առաջ հարցազրույց ֆավորիտներից մեկի` Լևոն Արոնյանի հետ: Սա նրա չորրորդ փորձն է` հանդես գալու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համարԲավականին երկար ժամանակ հայ գրոսմայստերը համարվում էր Մագնուս Կարլսենի գլխավոր մրցակիցը: Այսօր Արոնյանը կանկեղծանա, թե ինչ է պակասում շախմատի թագը գրավելու համար: Հարցազրույցը` chess.am-ի:

Ինձ վրա խաչ քաշեցին

 Ի՞նչ եք կարծում` աշխարհի առաջնության ներկայիս համակարգը հաջող երևույթ է. հավակնորդների մրցաշար,այնուհետև մրցախաղ:

– Ես շատ եմ սիրում հավակնորդների մրցաշարը: Ես հասկանում եմ, իհարկե, որ դա միայն մի մրցաշար է, որն, ինչպես կարծում են, կարող է հաղթել ցանկացած շախմատիստ: Սակայն, վերջիվերջո, հաղթում է ուժեղագույնը: Չի լինում նման դեպք, երբ մեկը 5 միավորով լինելով առաջատար դիրքում, հայտնվի վերջին տեղում: Սովորաբար, երբ ինչ-որ մեկը հենց սկզբից լավ խաղ է ցուցաբերում, վերջում հաղթում է: Օրինակ, Վիշի Անանդը 2014թ.-ին Խանտի-Մանսիյսկում հավելյալ միավորներով հաղթեց մրցաշարը` հիանալի խաղ ցուցաբերելով: Կամ Մագնուս Կարլսենը և Վոլոդյա Կրամնիկը Լոնդոն-2013-ում նույնպես շատ լավ խաղացին: Կարծում եմ, պատմության ընթացքում չի եղել մի դեպք, երբ պատահական ինչ-որ մեկը հայտնվի աշխարհի առաջնության մրցաշարում:

 Ի՞նչ տրամադրվածությամբ եք Մոսկվա մեկնում:

– Ես հաճախ եմ լինում Ռուսաստանում: Օրինակ, հարսնացուհիս`Արիանի հետ մեր համատեղ ճամփորդություններից մեկը եղել է Ձեր երկրում. ուզում էի ցույց տալ նրան Մոսկվան և Պետերբուրգը: Հիշում եմ, թե ինչպես էր նա զարմացել, տեսնելով, որ շատ գրախանութներ աշխատում էին մինչև ուշ գիշեր: Նա ասում էր. «Չէի կարծում, որ երբևէ նման բան կտեսնեի»: Ընդհանուր առմամբ, իմ մշակույթը ռուսախոս մարդու մշակույթն է: Այն իմ մի մասն է, և ինձ համար շատ հաճելի է լինել Մոսկվայում:

 Ո՞ր ռուս գրողներին եք հավանում:

– Ես շատ եմ սիրում Ցվետաևայի պոեզիան, սիրում եմ Բրոդսկուն, Տարկովսկուն, իսկ իմ ամենասիրած գրողը Պլատոնովն է:

 Վերջին ժամանակներս ապրում եք Երևանո՞ւմ:

–Հարսնացուս վերջերս տեղափոխվել է Երևան, և ես ուզում եմ ինչքան հնարավոր է շատ ժամանակ հատկացնել նրան, օգնել նրան ընտելանալ:

 Դուք մեկնեցիք Երևանից 90-ականների վերջի՞ն:

– 2001 թվականին մենք ընտանիքով տեղափոխվեցինք Գերմանիա:

 Երկրում տիրող դժվար տնտեսական իրավիճակի պատճառո՞վ:

– Այո: Այնպես ստացվեց, որ հովանավորները, որոնք ինձ աջակցում էին, այսպես ասած խաչ քաշեցին ինձ վրա: Նրանք մտածում էին, որ ինձ մոտ ավելի մեծ առաջընթաց չէր լինի, և հետևաբար իմաստ չկար վատնելու ֆինանսական միջոցները:

 Դուք այդ ժամանակ 18–19 տարեկա՞ն էիք:

– Այո:.

 Խա՞չ քաշեցին Ձեզ վրա:

– Լինում են նման դեպքեր: Այդ ժամանակ քիչ մրցաշարերի էի մասնակցում, և վարկանիշս այնքան էլ բարձր չէր: 18 տարեկանում` 2530 միավոր, և շատերը մտածում էին, որ ոչ մի արտառոց բան չկար 2600 վարկանիշ ունեցող գրոսմայստերի մեջ: Կան հարյուրավոր նման շախմատիստներ:

 Որոշ ժամանակ մրցաշարերում ներկայացրել եք Գերմանիա՞ն:

– Գրեթե կես տարի ներկայացրել եմ Գերմանիան: Այն ժամանակ ինձ թույլ չտվեցին խաղալ Հայաստանի կողմից. որոշեցին ազատվել բեռից: Եվ այդ ժամանակ ես փոխեցի ֆեդերացիանոչ այն պատճառով, որ ուզում էի խաղալ Գերմանիայի համար, այլ որ ցույց տայի, որ կարող էի դա անել: Հետո վերադարձա, երբ Հայաստանի շախմատի ֆեդերացիա եկան նոր մարդիկ: 2003թ-ին ֆեդերացիայի նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը` Հայաստանի ներկայիս նախագահը, ով այն ժամանակ պաշտպանության նախարարն էր: Նրանք կապնվեցին ինձ հետ, և ես որոշեցի վերադառնալ:

 Ե՞րբ Ձեզ մոտ որակային թռիչք գրանցվեց:

– Լուրջ մարցաշարերում սկսեցի հաղթանակներ գրանցել 2002-ի վերջերին: Այդ պահից սկսած արդեն վարկանիշս սկսեց բարձրանալ:

 Ձեր կարիերայում ո՞ր հաղթանակներն եք համարում էտապային:

– Իհարկե, մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Այն ժամանակվա իմ մարզչի` Արշակ Պետրոսյանի խորհրդով 15-20 տարեկանում ես խաղում էի աշխարհի առաջնությունում

մինչև 20 տարիքայինում, և ոչ 16-18: Եվ 2002 թվականի վերջին փորձում հաղթեցի, երբ արդեն 20 տարեկան էի: 2003 թ.-ին Եվրոպայի առաջնությունում ես զբաղեցրի երրորդ տեղը, 2004 թ.-ին կրկնեցի նույն արդյունքը: Վերջապես, 2005 թ.-ի վերջին հաղթեցի Աշխարհի գավաթը և արդեն սկեցի հանդես գալ բարձրաշխարհիկ մրցաշարերում:

 Այսօր Հայաստանի առաջատար շախմատիստները` օլիմպիական եռակի չեմպիոնները, ազգային հերոսնե՞ր են:

– Հայրենիքում մենք մեզ շատ լավ ենք զգում: Որպես հայտնի շախմատիստ` հնարավորություն ունեմ հանդիպելու այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ ես նույնիսկ չէի էլ կարող երազել հանդիպել մի օր:

 Շարլ Ազնավուրը հատո՞ւկ էր եկել Ցյուրիխ Ձեզ հետ հանդիպելու համար:

– Այնքան էլ այդպես չէ: Մինչ այժմ էլ նա հանդիսանում է Շվեյցարիայում Հայաստանի պատվավոր դեսպան, և, գտնվելով Ցյուրիխում, նա իր հարգանքը ցուցաբերեց այդ հիանալի մրցաշարին: Ես հանդիպել եմ նաև հիանալի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին, մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրային, ընկերություն եմ անում հայտնի ջութակահար Լևոն Չիլինգարյանի հետ, ում շատ եմ սիրում: Ապրելով Հայաստանում` ես հնարավորություն ունեցա մտերմանալու այնպիսի մարդկանց հետ, ում ես դժվար թե կարողանայի մոտենալ անգամ, խոսել նրանց հետ, իմանալ նրանց կարծիքը ինձ հետաքրքրող հարցերի վերաբերյալ:

Ցյուրիխում ես հասկացա, որ լավ մարզավիճակում չեմ

 Մենք զրուցում ենք Ցյուրիխում անմիջապես առաջնության ավարտից հետո, որտեղ շահագործվեց նոր ձևաչափը` օրը երկու խաղ քիչ ժամակարգով: Արդյո՞ք դուր եկավ Ձեզ այդ նորարարությունը:

– Հետաքրքիր էր: Կարծես թե արագ շախմատ ես խաղում, բայց դեռ ժամանակ կա մտածելու: Իհարկե, դժվար է միանգամից վարժվել նոր ժամակարգին, բայց ես վայելեցի խաղը:

 Այս նոր ձևաչափը հեռանկարներ ո՞ւնի:

– Կարծում եմ` նման ժամակարգով հնարավոր է օրական երեք խաղ խաղալ նույնիսկ: Ստացվում է նույն բանը, ինչ և մեկ խաղ` դասական ժամակարգով:

 Կարելի՞ է արդյոք Օլեգ Սկվորցովի առաջարկած «մեկ ժամ խաղի համար և 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար» ժամակարգը համարել նոր դասական մոտեցում:

– Ինձ համար դասական է համարվում հետևյալը`երբ կարող ես գրել քայլերդ, գրիչը մի կողմ դնել և մտածելու ժամանակ ունենալ: Իսկ հավելյալ 10 վայրկյանը շատ քիչ է: Կարծում եմ, որ 1 ժամ և 20 վայրկյանը ավելի մոտ է դասական խաղին, քան արագ խաղին:

 Ունե՞ք արդյոք ինչոր ներքին դասակարգում` դասականը իրական շախմատն է, արագը` ավելի հեշտ խաղը, բլիցը` խաղի հեշտ տեսակը:

– Ոչ, նման դասակարգում չկա, քանի որ ցանկալի չէ պարտվել ոչ մի խաղում: Միշտ էլ փորձում ես գտնել ճիշտ քայլերը: Բլիցի դեպքում իմ խնդիրը կայանում է նրանում, որ խաղում եմ ինչպես սովորական շախմատում, որի արդյունքում բախվում եմ ժամանակի խնդրի հետ: Ինչպես արագ շախմատում, այնպես էլ բլիցում շատ բան կախված է այդ օրվա իմ տրամադրությունից: Իսկ դասական շախմատի ժամանակ, անկախ նրանից, թե ինչպես եմ ինձ զգում, պետք է տրվեմ ամբողջությամբ. ինչ-որ պարտավորվածություն եմ զգում: Ինչ կմտածեն այն երեխաները, ովքեր շախմատ են սովորում` ուսումնասիրելով այդ խաղերը, ինչ կմտածեն նրանք, երբ գեղեցիկ խաղ չտեսնեն շախմատիստի կողմից, ով ունի մի քանի ժամ և հավելյալ 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: Նման ժամակարգում խաղալիս շատ վատ եմ ինձ զգում, երբ լավ արդյունքի չեմ հասնում: Այնպիսի զգացողություն եմ ունենում, թե ինձ ներում չկա: Ինչ վերաբերում է արագ շախմատին կամ բլիցին, ես ենթագիտակցորեն հաշվում եմ. Ինչ էլ անեմ, միևնույն է սա արագ շախմատ է, կամ բլից:

 Ներողամտորե՞ն եք վարվում ինքներդ Ձեզ հետ:

– Այո: Հենց սրանում է կայանում իմ խնդիրը. երբեմն չեմ կարողանում ինչպես հարկն է կենտրոնանալ կարճ ժամակարգով խաղի վրա: Ինչպես այստեղ, չնայած 40 րոպեին, գործնականում այն արդեն արագ չէ:

 Արագ շախմատի կամ բլիցի համար ունե՞ք արդյոք հատուկ սկզբնախաղային խաղացանկ:

– Փորձում եմ ինչ-որ բաներ փորձել: Մինչդեռ դասական շախմատի ժամանակ շատ ժամանակ եմ հատկացնում նախապատրաստման վրա. ինչպես արդեն ասացի` պատասխանատվությունն ավելի մեծ է: Պատասխանատվություն շախմատի հանդեպ:

 Հավակնորդների մրցաշարում սա Ձեր վերջի՞ն ստարտն էր:

– Այո:

Այս տեսանկյունից դիտարկելիս, հավանաբար, Դուք ինչոր հարցեր ու պատասխաններ եք գտել Ձեզ համար: Բավարարո՞ղ են արդյոք այդ պատասխանները:

– Ոչ: Երբ վատ ես խաղում, երբեք բավարարված չես կարող լինել: Ես հասկացել եմ, որ լավագույն մարզավիճակում չեմ այժմ` հեռու հոգեբանական օպտիմալ վիճակից: Անհրաժեշտ է աշխատել սրա վրա նախքան մրցաշարի սկիզբը: Պետք է ոչ միայն ֆիզիկապես պատրաստ լինել այդ մեծ մրցաշարին, այլև պարզապես շախմատորեն պատրաստ լինել դրան:

Առանց սփյուռքի Հայաստանը լիարժեք չէր լինի

 Ինչպիսի՞ն է այժմ կյանքն Հայաստանում տնտեսական առումով:

– Մեր երկիրը սերտորեն կապված է Ռուսաստանի հետ: Հետևաբար, երբ Ռուսաստանում ինչ-որ բան այնպես չէ, դա անդրադառնում է նաև Հայաստանի վրա: Բայց, հնարավոր է, որ դա լավ է, երբ դադարում է ֆինանսական հոսքը դրսից: Ես հաճախ եմ հիշում Կաֆկայի «Կերպարանափոխությունը», երբ դադարում է ուղիղ օգնությունը, մարդու, ազգի մեջ վերածնվում է ձգտումը: Հույսերս մեծ են: Հավատում եմ, որ մեր ազգը կարող է ինքնուրույն ամեն ինչին հասնել, իհարկե, այնպիսի երկրների աջակցությամբ, որոնք պատմական տեսանկյունից մոտեն մեզ, օրինակ` Ռուսաստանը:

 Արդյո՞ք զգում եք հայկական սփյուռքի աջակցությունը:

– Իհարկե: Առանց սփյուռքի, ես կարծում եմ, որ Հայաստանը լիարժեք չէր լինի: Մշակույթի մեծ մասը հենց կապված է սփյուռքի հետ: Եթե ապրում ես մի հանրապետությունում և ոչ մի տեղ չես հեռանում, իմ կարծիքով այստեղ առկա է ծուլության գործոնը, որը գալիս է երկրի զարգացման կոմունիստական փուլից:

 Ինչո՞ւ:

– Կարծում եմ` սովետական տարիներին մարդկանց մոտ ձգտում չկար. աշխատավարձը նույնն էր, ամեն ինչ նույնն էր, ամեն ինչ շատ լավ էր։

Կարևորը երկրից դուրս չգա՞լ:

– Այո: (ծիծաղում է) Եվ սփյուռքը, որը չի տեսել այդ ամենը, ավելի ակտիվ է և հաջողակ: Եվ այն մարդկանց մեծ մասը, ովքեր մեր հպարտությունն են, սփյուռքից են:

 Մարտին Մոսկվայում տեղի ունենալիք հավակնորդների մրցաշարում Դուք վերջին րոպեին եք հայտնվելՆույնպե՞ս սփյուռքի աջակցությամբ:

– Բախտս բերել է: Չեմ կարող ասել, թե արժանի եմ դրան: Վեջերս զրուցում էինք իմ ընկեր Բորիս Գելֆանդի հետ և նա ասաց. «Լինում են դեպքեր, երբ վիճակախաղի հաղթող տոմս ես ստանում: Կամ ձմեռ պապը նվերներ է բերում»: Այնպես ստացվեց, որ ձմեռ պապն ինձ նվեր բերեց: Պետք է խելոք լինել:

 Չփախած հարսնացուն

 Ինչո՞ւ Ձեր հարսնացուն որոշեց տեղափոխվել Հայաստան:

– Նա 13 տարեկանից ապրել է Ավստրալիայում` շատ զարգացած ընտանիքում, որտեղ ամեն ինչ նախապես մշակված է: Կարծում եմ, որ Հայաստանում ապրելը նրան վերադարձնում է իր արմատներին. նա ծնվել է Ֆիլիպիններում և անցկացրել այնտեղ իր մանկությունը: Նրան դուր է գալիս ապրել մի երկրում, որտեղ ամեն ինչ բնական է: Մարդիկ նայում են աչքերիդ մեջ և ասում ճշմարտությունը: Միգուցե, ոչ այն, ինչ ուզում ես լսել, բայց գոնե անկեղծ են:

 Ինչո՞վ է նա զբաղվում:

– Տարբեր բաներով: Մասնագիտությամբ նա տնտեսագետ է և քաղաքագետ: Հայերեն լեզվով շաբաթաթերթ է հրատարակում:

 Հայերենին ազատ տիրապետո՞ւմ է:

– Շատ լավ չգիտի: Տիրապետում է ռուսերենին: Իհարկե նրան օգնում են թարգմանիչները:

 Ինչի՞ մասին է շաբաթաթերթը:

– Արիանը արդեն 2 տարի ապրում է Հայաստանում, և մի օր ասաց. «Ձեզ մոտ բացակայում է հաղթական ոգին»: Եվ որոշեց թերթ հրատարակել, որը ցույց կտա մարդկանց, թե ինչքան լավ բան կա այս երկրում: Իհարկե, թերթն ամբողջությամբ լավատեսական չէ, սակայն հիմնական նպատակը ժողովրդին ոգևորելն է: Թերթը պատմում է ուրախալի դեպքերի մասին, բայց կան նաև հատվածներ պատերազմից: Թերթը ժողովրդի համար է:

 Բազմաթերթանո՞ց է:

– Ոչ այնքան: Անվճար բաժանվում է հասարակական երթուղիներում:

 Նորություննե՞ր, սպո՞րտ:

– Այո:

 Շախմատին նվիրված հատված կա՞:

– Այո: Արիանան հեշտ խնդիրներ է տալիս` համոզվելու համար ընթերցողին դա դուր կգա, թե`ոչ:

 Աջակցո՞ւմ եք նրան:

 Երբ հերթը հասնի դժվար խնդիրներին, ես, իհարկե, կմիանամ: Իսկ հիմա հիմնականում աջակցում եմ բարոյապես: Արիանան նաև ունի խորհրդատվական ընկերություն: Կան այլ ծրագրեր նույնպես` կապված բիզնեսի հետ: Բավականին հետաքրքիր կյանք է վարում` ակտիվ և արդյունավետ:

 Դասականը հանգստացնում է, ջազը` տրամադրում

 Դուք կինոյի, երաժշտության և բասկետբոլի մեծ երկրպագու եք: Շախմատային աշխարհը վաղուց տեղյակ է, թե ինչքան բազմակողմանի հետաքրքրությունների տեր անձնավորություն է Լևոն Արոնյանը:

– Բանը նրանումն է, որ հանուն շախմատի ես կորցրեցի երաժշտությունը: Երբ փոքր էի, միաժամանակ զբաղվում է և՛ շախմատով, և՛ դաշնամուրով, բայց հետո ստիպված եղա ընտրություն կատարել: Շատ դժվար ժամանակներ էին` 90-ականներն էին: Երևանում հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրներ կային, դժվար էր տեղից տեղ տեղափոխվելը: Այսպիսով, ես երաժշտությամբ զբաղվեցի միայն մեկ տարի, բայց այն իմ կյանքի սերն է:

 Իսկ ե՞րբ ստիպված եղաք կատարել այդ ընտրությունը:

– Ես 10 տարեկան էի: Ինչ-որ հաջողություններ ի հայտ եկան շախմատում: Բացի այդ ես հիանալի ուսուցիչ ունեի` ուժեղ մասնագետ Մելիքսեթ Խաչիյանը: Հիանալի զգացողություն ես ունենում, երբ տեսնում ես, թե ինչ արագությամբ առաջընթաց ես ունենում այդ գործում, առաջ ես սլանում: Դաշնամուր նվագելիս նման զգացողություն չունեի, չնայած կարծում եմ, որ ինչ-որ հակվածություն ունեմ դեպի երաժշտությունը: Զգում եմ լավ երաժշտությունը…

 Երաժշտությունը օգնո՞ւմ է Ձեզ:

– Այո: Ես այն տարբեր նպատակներով եմ օգտագործում: Լինում են դեպքեր, երբ երաժշտությունն ինձ պետք է թուլանալու համար, իսկ երբեմն, նույնիսկ հակառակը`լիցքավորվելու համար: Առաջին նպատակի համար ծառայում է դասական երաժշտությունը, երկրորդի համար` ջազը:

 Իսկ եթե ստիպված լինեք ընտրել Բեթհովենի և Լենոնի միջև՞:

– Միանշանակ` Բեթհովեն:

 Ինչո՞ւ:

– Քանի որ Բեթհովենի երաժշտության մեջ տեսնում եմ ամբողջ ազգի գեղագիտությունը: Այն իտալական դպրոցն է, որը փոխվել է, կատարելագործվել և տեղափոխվել վիեննական դպրոց:

 Դուք իրոք դա այդպես զգո՞ւմ եք:

 Իհարկե: Ես տեսնում եմ, թե մշակույթի ինչ հսկայական պաշար կա այս կամ այն սիմֆոնիայում: Եվ բացի այդ, կարողանում ես զգալ այս ամենը, երբ հասկանում ես ողջ ազգի երաժշտությունը և գիտակցում կոմպոզիտորի հանճարեղությունը: Ես կարողանում եմ երաժշտության միջոցով զգալ կոմպոզիտորի ազգությունը: Հնչում է Ռախմանինովը, և դու ասում ես ինքդ քեզ. «Սա ռուս մարդու ստեղծագործություն է»: – Իսկ ձեզ հուզում են ԲԻԹԼԶ-ի երգերը: Որպես երաժշտության իսկական գնահատող` հասկանում եք, թե ինչ հեղափոխություն է արել լիվերպուլյան այս քառյակը երաժշտության ասպարեզում իր գոյության 10 տարիների ընթացքում: – Գիտեք` ամեն ինչ չի կարող դուր գալ: Կան ստեղծագործություններ, որոնք հասնում են հոգուն, և կարելի է անդադար լսել, և կան այնպիսի ստեղծագործություններ, նույնիսկ դասականների մոտ, որոնց հանդեպ, կարելի է ասել, ես անտարբեր եմ: Օրինակ, Չայկովսկու երկրորդ սիմֆոնիանի սկիզբը ֆանտաստիկ է, մինչդեռ մի քանիսի հանդեպ ես բացարձակ անտարբեր եմ:

 Որտեղի՞ց է սկիզբ առել դասականի հանդեպ այդ սերը:

– Մորս շնորհիվ: Նա շատ է սիրում օպերա, և մանկուց դա նստել է իմ մեջ: Հենց նա է սովորեցրել մեզ տարբերել մշտականը անցողիկից: Նույնիսկ հիմա, երբ մի ստեղծագործություն եմ միացնում, որը նա այնքան էլ լավ չգիտի, նա անմիջապես հասկանում է, որ այն լավն է: Օրինակ, ինձ հաջողվեց ծանոթացնել մորս Լեոնտինա Պրայսի ձայնին, և նա անմիջապես ասաց. «Մարիա Կալլասից հետո, նա երկրորդ երգչուհին է»:

 Եթե համեմատենք շախմատիստներին և երաժիշտներին, ինչպիսին կլիներ, օրինակ Կարլսենը: Նրան կտայի՞ն Շախմատի Մոցարտ անվանումը:

– Ինձ թվում է` նա Բեթհովեն է` մի կողմից պարզ, իսկ մյուս կողմից` բազմակողմանի:

 Շախմատի հանդեպ հետաքրքրությունը նույնպե՞ս ընտանիքից է եկել:

– Այո, և նորից մորս շնորհիվ:

 «Սելտիքսը» միշտ սրտում կմնա

 Շատ լավ եք հասկանում բասկետբոլից, ամեն ինչ գիտեք ԲԱԱի մասին: Որտեղից է գալիս այս սպորտաձի հանդեպ Ձեր սերը:

–Մանկությանս տարներին Երևանում գրեթե բոլոր բակերում կային ֆուտբոլային դաշտեր: Հետագայում դրանց մեծ մասը վերածվեց ավտոտնակների: Իսկ հարևան թաղում ծանոթ տղաներից մեկի հայրը բասկետբոլի օղակ սարքեց մեզ համար, որտեղ մենք խաղում էինք:

Օղակը լավ բան է, բայց այդ աստիճան խորանա՞լ այդ սպորտաձևում:  Դուք երբեմն թղթի վրա այնպիսի կոմբինացիաներ եք նկարում, որոնցով կարող է հպարտանալ անգամ Դեվիդ Բլատը:

– Դե դուք չափազանցնում եք (ծիծաղում է):Պարզապես, երբ խորանում եմ ինչ-որ բանի մեջ, փորձում եմ մանրակրկիտ ուսումնասիրել այն: Այնպես ստացվեց, որ սկսեցի հետաքրքրվել «Բոստոնով», և փորձում եմ բաց չթողնել ոչ մի նորություն` կապված նրանց հետ:

 Իսկ ինչո՞ւ «Բոստոն»:

–Չգիտեմ, այդպես ստացվեց: Այդ թիմը հենց սկզբից չեմպիոն է, իրական է: Միգուցե, այն հիշեցնում է հին բասկետբոլը` Բիլ Ռասսել, Լարրի Բերդ, Քեվին Գարնետ: Երբ «ծերուկները» 2008-ին հաղթեցին իրենց վերջին տիտղոսը, ես շատ երջանիկ էի:

 Դուք համարվում եք աշխարհի լավագույն շախմատիստներից մեկը, և այդ տիտղոսը պահելու համար անհրաժեշտ է աշխատել օրը 25 ժամ: Ե՞րբ եք հասցնում հետևել այդ խաղերին:

– Գրեթե երբեք չեմ նայում խաղերը, բայց երբ բացվում է սեզոնը, ամեն առավոտ աչքի եմ անցկացնում արձագանքները: Իհարկե, ամեն ինչ այլ է, երբ ես Հայաստանում եմ լինում, քանի որ խաղերը սկսվում են առավոտյան ժամը 7-ին` հիանալի ժամ բասկետբոլ նայելու համար:

Բասկետբոլում եղե՞լ է այնպիսի դեպք, որը շատ է հուզել Ձեզ:

– Նա 75 տարեկան էր, և իր կինը ծննդյան օրը ճոխ նվեր մատուցեց: Կինը գտավ նրա առաջին վիդեոձայնագրությունը` համալսարանի առաջին խաղը, երբ նա 16 տարեկան էր: Բասկետբոլիստը կարիք չուներ նայելու էկրանին` ճշգրտորեն կոմբինացիաները նշելու համար: Այդ խաղում նա չէր փայլել, սակայն նրա սերը բասկետբոլի հանդեպ այնքան ուժեղ էր, որ, նույնիսկ, 60 տարի անց, նա չէր մոռացել մանրամասները: Սա իսկական ֆանտաստիկա է: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարևոր է եղել նրա համար այդ առաջին խաղը:

 Եվ ո՞վ էր նա:

– Փորձե՛ք գուշակել:

 Անիմաստ է

– ԲԱԱ-ի չեմպիոն Բիլլ Ռասսելը:

 Իսկ Դուք նույն չշգրտությամբ հիշո՞ւմ եք Ձեր խաղերը: Շատ գրոսմայստերներ պնդում են, թե անգիր գիտեն իրենց գրեթե բոլոր ստեղծագործությունները:

– Ոչ: Ես դրանք չեմ պահում իմ մտքում: Միգուցե մի քանի ուրվագծեր, բայց ոչ ամբողջական խաղը: Դա իմը չէ:

 Համպատրաստից կարո?ղ եք բասկետբոլից մի շատ կարևոր պահ մտաբերել: Միգուցե ոչ ամենակարևորը կամ ամենասիրունը, բայց որը միանգամից գալիս է Ձեր մտքին: – Այո: Սիդնեյում 2000թ.-ի օլիմպիական խաղերը. 198 մետրանոց Բինս Կարտերը թռավ ֆրանսիացու գլխի վրայով, ով պաշտպանում էր օղակը: Ֆանտաստիկ էր: Ընդհանուր առմամբ Կարտերը ուժեղ կամքի տեր սպորտսմեն էր, չար բասկետբոլիստ:

  Չարություն

Իսկ Ձեր մեջ կա՞ այդ չարությունը: Չարություն, որով Կորչնոյը կաշկանդում էր իր հակառակորդներին:

– Ես շատ բարի մարդ եմ: Միշտ պետք է լինում լրացուցիչ լիցքավորվել: Ափսոս չկա այսպես  կոչված «օզվերին» դեղը, ինչպես հայտնի մուլտֆիլմում` Լեոպոլդ կատվի մասին: Ես ջանք չեմ խնայում, զայրանում եմ ինքս ինձ վրա, հակառակորդիս վրա, բայց այդ ամենը անկեղծ չէ, քանի որ ես էությամբ այդպիսին չեմ: Կարծում եմ այնքան էլ դժվար չէ: Պարզապես պետք է կարողանալ ձուլվել այդ մթնոլորտի հետ, հետո դուրս գալ այնտեղից և նորից լինել այնպիսին, ինչպիսին կաս:

 Ուզո՞ւմ  եք աշխարհի չեմպիոն դառնալ:

– Շատ:

 Զգո՞ւմ եք, որ դուք լավագույնն եք:

– Իհարկե: Բայց դա կարևոր չէ: Կարևոր են հաղթանակները, գերակայությունը տարիների ընթացքում: Դեռևս դա ինձ մոտ չի ստացվում: Այս առումով շատ դիպուկ է ասել Զիգբերտ Տարրաշը. «Բավարար չէ միայն լավ շախմատիստ լինելը: Անհրաժեշտ է նաև լավ շախմատ խաղալ»: Այդ իսկ պատճառով, իմ խոսքերն այնքան էլ էական չեն: Շատ շուտով, մարտի 10-ին, կսկսվի հավակնորդների մրցաշարը, և պետք է ցույց տալ խաղատախտակի վրա, որ դու լավագույնն ես:

Դուք ինքներդ հասկանո՞ւմ եք, թե ինչն է Ձեզ պակասում:

– Այո, և ես աշխատում եմ դրա վրա: Իհարկե, ցանկալի է միշտ և ամեն տեղ լինել լավագույնը: Ամբիցիաները բավարար են, սակայն պետք է կենտրոնանալ: Լոնդոն-2013-ի ժամանակ հավակնորդների մրցաշարում առաջին շրջանից հետո ես «+3» միավորով հավասար ընթանում էի Կարլսենի հետ: Բայց հետո դժվար էր խաղալ: Ֆինիշին մոտ խաղում ես նույնիսկ չկարողա նորմալ հաշվել: Բայց այս ամենի հետ մեկտեղ ես հանգիստ էի, ինչպես «Մաուգլի» մուլտֆիլմի Կաան: Միգուցե հենց սա է իմ գլխավոր խնդիրը: Բայց ամեն դեպքում մի փոքր գիտեմ շախմատ խաղալ:

Իսկ ի՞նչն է ամենագխավորը շախմատում:

– Միանշանակ սերը դեպի շախմատը, երբ այն ձեզ համար ծանր բեռ չէ, այլ խորը զգացմունք: Պետք է անձնվիրաբար սիրել խաղը, իսկ մնացածը կարելի է ձեռք բերել: Իսկ եթե չկա այդ զգացմունքը, ինչ ուզում ես արա, միևնույն է` չես դառնա ուժեղագույն գրոսմայստերներից մեկը:

Կովկասում ձեռքի վրա են խաղում

 Հայաստանում շախմատիստները դեռ շարունակո՞ւմ են համատարած աջակցություն վայելել:

– Իհարկե: Մարդիկ ուշադիր հետևում են և՛ թիմային խաղերին, և՛ մեր անհատական արդյունքներին:

 Չե՞ք կարծում, որ հերթափոխը մի փոքր հետ է մնում:

– Այո, կա նման բան: Սերունդը, որ ինձ թվում էր, թե ուր որ է պայթեցնելու է, հետ է մնում:

 Նրանք թողնում են շախմա՞տը:

– Շատերը մարզիչներ են դառնում: Ուղեժ շախմատիստները իրենք էլ կարող են խաղալ, պարզապես նրանք էությամբ պայքարող չեն: Սա է ողջ խնդիրը: Իհարկե, իմ մեղքն էլ կա այստեղ, և իմ ընկեր Գաբրիել Սարգսյանի մեղքը:

 Ինչո՞ւմ ն է Ձեր մեղքը:

– Չափից շատ ենք ջանացել օգնել նրանց, առաջնորդել երիտասարդ շախմատիստներին, տվել ենք նրանց մեր տարբերակները, և ստացվել է, որ նրանք ամեն ինչ պատրաստի են ունեցել:

Ինքնուրույն չեն հասել դրան:

 Միգուցե ժամանակի խնդի՞ր է: Եթե լավ շախմատիստը դառնում է մարզիչ, ապա նա կունենա շատ աշակերտներ և կայուն բարձր աշխատավարձ: Իսկ եթե շարունակի խաղալ, պետք է փորձի մտնել բարձրակարգ շախմատ, ինչն այնքան էլ հեշտ չէ:

– Շատ հնարավոր է: Բայց ես կարծում եմ, որ խնդիրը զուտ տարածաշրջանային է: Կովկասում ինչպե՞ս են շախմատ խաղում: Բոլորն էլ տաղանդ ունեն, բայց «ձեռքի վրա են խաղում» և չեն մարզվում: Օրինակ, ես ինչպե՞ս եմ սկսել խաղալ: Ես այնքան էլ շատ բան չգիտեի: Գաբրիելը մի քանի բան ցույց տվեց, և ես սկսեցի նրա հետ աշխատել: Իսկ հիմա մենք ունենք շատ տաղանդավոր 20-ամյա շախմատիստեր, բայց չգիտեմ` ինչպես կարելի է փոխել նրանց: Նրանք չեն ուզում աշխատել, բայց բոլորն են ուզում խաղալ: Ստացվում է, որ բոլորն ուզում են խաղալ Կարլսենի նման, բայց չեն հասկանում, թե ինչքան շատ է աշխատում Կարլսենը այդ արդյունքն ունենալու համար: Այսպիսով, կարելի է ասել, որ Կովկասի ժողովուրդը տաղանդավոր է, բայց` ծույլ, և պարզ չէ, թե ինչպես կարելի է փոխել դա:

 Քանի որ հիշեցինք Կարլսենին, չե՞ք կարծում,  թե նա «առանձնացել է կոլեկտիվից»:  Նա խաղում է իր լիգայում, ինչպես վերջերս գրել էր Կասպարովը:

– Ոչ: Ես կարծում եմ, որ և ինչպես Բորիսն է ասում, պատրաստ եմ ամեն օր խաղալ Կարլսենի հետ: Եվ ուրախությամբ կխաղայի: Միշտ էլ հետաքրքիր է պայքարել շախմատիստի դեմ, ում դու հարգում ես, և ում հետ կխաղաս ողջ հոգով:

 Մնում է միայն մաղթել, որ Կարլսենի հետ այդ խաղը տեղի կունենա. բոլորի համար էլ հետաքրքիր կլինի:

– Կաշխատենք այդ ուղղությամբ…

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ