Վրաստանը նորմալ երկիր է դառնում. ՆԱՏՕ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունից ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիի դաշինքին իշխանության փոխանցումը վկայում է այն մասին, որ “Վրաստանը նորմալ երկիր է դառնում”, հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
“Այն փաստը, որ Վրաստանում իշխանությունը փոխվում է քվեարկության արդյունքում, ցույց է տալիս, որ Վրաստանը նորմալ երկիր է դառնում”,-հայտարարել է Ապաթուրայը` հաստատելով ՆԱՏՕ-ի` Վրաստանին հետագայում կազմակերպության կազմում ընդունելու պատրաստակամությունը, տեղեկացնում է “Интерфакс”-ը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նախագահ Սաակաշվիլիի հետ հեռախոսային զրույցում անցած խորհրդարանական ընտրություններն անվանել էր “պատմական պահ Վրաստանի ժողովրդավարության զարգացման մեջ”: “Վրաստանը այս ճանապարհին կարեւոր քայլեր կատարելու հնարավորություն ունի: Նրա ինտեգրումը ՆԱՏՕ-ում անխուսափելի է”,-հայտարարել էր գլխավոր քարտուղարը:
Նշենք, որ ապագա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին արդեն հայտարարել է, որ շարունակելու է ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն անդամագրվելու ջանքերը, սակայն զուգահեռ բարելավելու է նաեւ հարաբերությունները Ռուսաստանի հետ: