Րաֆֆին պատռեց Սերժ Սարգսյանի նկարը /ֆոտո, վիդեո/
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ` փետրվարի 13-ի ուշ գիշերը Ապարանում էր: Նա փողոցում զրուցեց տեղացիների հետ, ապա մտավ մարդկանց տները: Դրանցից մեկում ծնունդ էր: Հովհաննիսյանը, ”Ժառանգականներ” Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը ևս միացան արարողությանը` շնորհավորելով հոբելյարին:
Այնուհետ նախագահի թեկնածուն այցելեց Ապարանի բժշկական կենտրոն: Այստեղ իջնելով մեքենայից` նա նկատեց, որ կենտրոնի ետնամուտքի և առաջնամուտքի դռների վրա փակցված են գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի պաստառները: Հովհաննիսյանը սա տեսնելով` զայրացավ, ապա պոկեց պաստառն ու ասաց. ”Որ իմը լիներ, ես էլի նույնը կանեի”:
Թեկնածուն ընդգծեց, որ հարգում է Սերժ Սարգսյանին,իսկ բուժաշխատողներին խորհուրդ է տալիս հարգել իրենց ու չթողնել, որ բժշկական կենտրոնում լինեն քաղաքականության հետ առնչվող տարրեր: ”Սրա տեղն այստեղ չէ, ուզում ե՞ք իմն էլ փակցնեմ”,-շեշտեց Հովհաննիսյանն ու հավելեց, որ ինքը ոչ թե նկատողություն է անում, այլ բուժաշխատողների իրավունքներն է պաշտպանում:
Բուժաշխատողները Henaran.am-ի թղթակցին ասացին, չգիտեն` ով է փակցրել այդ պաստառները: Գլխավոր բժիշկը և տնօրենը այդ ժամին հիվանդանոցում չէին: