Դա ի՞նչ սովորույթ է… Րաֆֆին նյարդայնացրեց Տավուշի մարզպետին /ֆոտո/
“Նոր Իջեւան ենք բերելու միասին, եթե ուզեք` խոպանից ետ ենք վերադարձնելու մեր որդիներին”: Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջեւանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի թեկնածու, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: “Ես ավելի լավ է մեռնեմ, քան ապրեմ այնպիսի Հայաստանում, որտեղ կշարունակվի արտագաղթը”, -ասաց Հովհաննիսյանը:
“Ժառանգականներ” Զարուհի Փոստանջյանն ու Ստեփան Սաֆարյանը, ովքեր մասնակցում են Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային քարոզարշավին, կոչ արեցին իջեւանցիներին ճիշտ ընտրություն կատարել: “Մտահոգ ենք, որովհետեւ մեր ընտանիքները կիսատ են, իսկ հիմա ունենք ընտրության հնարավորություն: Ես պահանջում եւ հորդորում եմ, որ գնաք ընտրության եւ կիրառեք ձեր զենքը”,-կոչ արեց Զարուհի Փոստանջյանը: Հրապարակային ելույթից հետո նախագահի թեկնածուն մոտեցավ քաղաքացիներին, ողջունեց, ողջագուրվեց:
Րաֆի Հովհաննիսյանն այցելեց Տավուշի մարզպետարան: Մարզպետ Արմեն Ղուլարյանը թեկնածուին դիմավորեց իր աշխատասենյակում: Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ այս անգամ ընտրությունները կլինեն արդար: Ի պատասխան մարզպետն ասաց, որ ընտրությունները միշտ էլ արդար են անցել:
Հովհաննիսյանը նկատեց, որ բոլորին է հայտնի, որ դա այդպես չէ, իսկ Երեւանի դպրոցներում ցուցակագրումներ են կատարվում: Ղուլարյանն ընդգծեց, որ իրենց մարզում նման երեւույթ չկա: Հովհաննիսյանի հեռանալուց հետո մարզպետը նետեց, որ “առանց զգուշացնելու են այցելել, դա ի՞նչ սովորույթ է”: Ի պատասսխան պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ճիշտ կլիներ մարզային իշխանությունն իրենց դիմավորեր, ոչ թե ոստիկաններն ուղեկցեին:
“Այստեղ ցույցի վայր չէ”,-հորդորեց մարզպետը: Իջեւանից նախագահի թեկնածուն մեկնեց Գետահովիտ, Այգեհովիտ եւ Վազաշեն գյուղեր: Այստեղ թեկնածուն նշեց, որ հողն ու գյուղացին իր համար սրբություն են: Գյուղացիներն էլ նախագահի թեկնածուին դիմավորեցին բարձր տրամադրությամբ եւ “նախագահ” կոչերով: “Սենց լավ մարդուն ո՞նց չընտրես”,-ասաց այգեհովիտցիներից մեկը