ԼՂՀ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոն Քերիին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
“Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների անունից շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ միջնորդական ջանքերը և համոզված ենք, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Միացյալ Նահանգները՝ Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի հետ համատեղ կշարունակեն նպաստել Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգանքի վրա”,- նշված է նամակում:
Իր նամակում ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արցախի ժողովրդին և երիտասարդ պետականությանը ԱՄՆ-ի կողմից շարունակաբար ցուցաբերվող օգնության համար:
“Մենք ակնկալում ենք տևական, սերտ և արդյունավետ համագործակցություն Ձեզ հետ և հավատացած ենք, որ Ձեր ակնառու փորձն ու տեսլականը կնպաստեն Հարավային Կովկասի տարածաշրջանում ժողովրդավարության, խաղաղության և կայունության ամրապնդմանը”,- ասված է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի կողմից հղված ուղերձում:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն