ՄԱԿ-ը չի հավատում Սիրիային
ՄԱԿ-ի խաղաղարարները, ովքեր Իսրայելի եւ Սիրիայի սահմանին գտնվող ապառազմականացված գոտում են, չեն հաստատել իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից Դամասկոսին մոտ գտնվող ռազմական հետազոտական կենտրոնի վրա ավիահարվածի տեղեկությունը, հաղորդում է “Reuters”-ը:
ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ Գոլանյան բարձունքների վրայով թռչող որեւէ ինքնաթիռ չեն տեսել, այդ պատճառով էլ չեն կարող հաստատել Սիրիայի օդային տարածք ներխուժելու մասին տեղեկությունը:
Սիրիան ՄԱԿ-ին պաշտոնական բողոք էր արտահայտել` կապված Իսրայելի գործողությունների հետ: Դամասկոսը մասնավորապես մեղադրել էր իսրայելական կողմին` հրադադարի մասին 1974-ի համաձայնությունը խախտելու մեջ:
Չնայած որ գրոհի մասին տեղեկությունը չհաստատվեց, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը “խորին մտահոգություն է հայտնել կատարվածի վերաբերյալ”: Նա կոչ է արել հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել: