Հյուր գնալիս քար են տանում․ ինչպես են Ամանորը տոնում Հունաստանում
Հունաստանում մշտապես շատ հետաքրքիր կերպով են դիմավորում Ամանորը: Հույներն Ամանորին սկսում են պատրաստվել տոներից շատ առաջ: Նրանք դեկտեմբերի կեսից սկսում են զարդարել քաղաքը, խանութները, հրապարակները: Փողոցները լուսավորվում են, բազմաթիվ համերգներ ու ներկայացումներ են տեղի ունենում` ամանորյա թեմայով:
Զբոսաշրջիկները հաճախ ձգտում են այցելել Հունաստան` Ամանորն այնտեղ անցկացնելու համար:
Հունաստանում Ամանորը կամ Սուրբ Վասիլիի օրը նշվում է հունվարի 1-ին:
Հունվարի 1-ը կարևոր ամսաթիվ է հույների համար: Բացի Նոր Տարվա առաջին օրը լինելուց՝ այն նաև Սուրբ Վասիլիի կամ ինչպես հույներն են ասում՝ «Ագիոս Վասիլիսի» օրն է: Այս Սուրբը հայտնի է որպես բարերար, ով բարի և առատաձեռն է աղքատների նկատմամբ:
Աթենքում ըստ ավանդույթի` Ամանորն անց են կացնում քաղաքի գլխավոր հրապարակում` Սինտագմեում: Ամանորի գիշերը Սուրբ Վասիլը բուխարիով այցելում է երեխաներին և նվերներ թողնում բուխարուց կախված գուլպաների մեջ:Հունական ավանդույթների համաձայն՝ Հունաստանի բնակիչներն Ամանորին հյուր գնալիս իրենց հետ քար են տանում, որը նետում են հյուրասեր տան շեմին: Եթե քարը ծանր է, ասում են. «Թող տանտիրոջ հարստությունը լինի նույնքան ծանր, որքան այս քարն է»: Իսկ եթե քարը փոքր է, ապա ասում են. «Թող տանտիրոջ աչքի փուշն այնքան փոքր լինի, որքան այս քարն է»: Հունաստանում Ամանորին օտարերկրացիներին խորհուրդ է տրվում հետևել մի շարք արգելքների. չգոռալ, չաղալ և չխմել սուրճ, տուն չթողնել սև շների, չկոտրել ամաններ և այլն: